Ես միշտ համագործակցել եմ ու կհամագործակցեմ պարոն Աղազարյանի հետ․ Ասլանյան

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերից հստակ մեսիջ ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ հայտարարելով, որ ինքը խնդրել է Աղազարյանին, որպեսզի վերջինս մանդատը վայր դնի։ Դրանից հետո Աղազարյանը հայտարարեց, որ երկու օր անց հանդես կգա հայտարարությամբ, իսկ երկու օր անց էլ հայտարարեց՝ սպասում է մանկության ընկերոջ՝ Մոսկվայից գալուն, հակառակ դեպքում, ընկերը կնեղանա, որ առանց իր հետ քննարկելու Աղազարյանը մանդատը վայր դնի։
Մինչ իր այդ՝ ընկերոջը սպասելու մասին հայտարարությունը, Աղազարյանը հասցրել էր հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, որը, ինչպես պարզ դարձավ, բավականին ծանր էր անցել։
«Ավելի լավ էր ինձ սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին»,- իրենց հանդիպման մասին խոսելիս ասել էր Աղազարյանը։
Դրանից հետո իր մասին որևէ հայտարություն չեղավ ՔՊ-ի կողմից, սակայն թեման հենց ինքը՝ Աղազարյանը կրկին տաքացրեց։ Այսօր ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ինքն ասել էր, որ ավելի լավ է գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացնի ու իրեն անձեռնմխելիությունից զրկեն։ Ավելին, նա նեղսրտել էր, որ իրեն ՔՊ-ից ոչ ոք չի աջակցում։
Փաստացի, Աղազարյանն ուզում է պահել իր մանդատը, հատկապես, որ այն ստացել է քաղաքացու քվեով։ Եվ այստեղ էական չէ, որ քաղաքացիներից շատերն իրենց ընտրությունն արել են ոչ թե Աղազարյանի քաղաքական կշիռը հաշվի առնելով, այլ Փաշինյանի համար։ Ընդունենք, թե ոչ, Փաշինյանը դեռևս իրեն հավատացողներ ու իր «կյանքին մատաղ լինողներ» ունի։ Աստվածացնողներ էլ ունի, հենց մեկը՝ Աղազարյանը, որ հայտարարում էր՝ Հիսուսին հավատացել է Փաշինյանին ճանաչելուց հետո:
Ինչևէ, ունենք Հովիկ Աղազարյան պատգամավոր, որը ՔՊ ամենաակտիվ դեմքերից մեկն է․ թե՛ հարցերի մակարդակում, թե՛ պաշտպանող ելույթների, և ունենք իրավիճակ, երբ «շեֆին դուր գալու համար» թիմակիցները դուրս են եկել նրա դեմ։
Բայց, ի ուրախություն Աղազարյանի, պետք է հայտնենք, որ ոչ բոլորն են նրա դեմ․ Հակոբ Ասլանյանն, օրինակ, սիրով կշարունակի աշխատել Աղազարյանի հետ։ MediaHub-ի հետ զրույցում նա նշեց՝ իր կարծիքը հենց առաջին օրվանից այն է եղել, որ ստիպելու որևէ հարց չկա, եթե գործընկերն ուզում է շարունակել պատգամավորական գործունեությունը, ապա չպիտի վայր դնի մանդատը։
«Հովիկ Աղազարյանի հետ հարցերն ուղղեք Հովիկ Աղազարյանին»,- նախ այսպես սկսեց զրույցը Հակոբ Ասլանյանը։
Նա տեղեկացրեց, որ չորս օր քաղաքում չի եղել, ղազախական բարեկամական խմբի հետ եղել է ՀՀ տարբեր մարզերում։
«Վերջին չորս օրվա մեջ այսօր առաջին անգամ եմ եկել ԱԺ։ Ծանոթ չեմ վերջին զարգացումներին։ Իսկ երբ հարցն առաջին անգամ հրապարակային ձևով բարձրացվեց, ես ասացի, որ պարոն Աղազարյանի իրավունքն է մանդատ դնել-չդնելը»,- նկատեց նա։
Հարցին, թե ամեն դեպքում, ինքը պատրա՞ստ է շարունակել գործակցությունն Աղազարյանի հետ, Հակոբ Ասլանյանը պատասխանեց․ «Ես միշտ համագործակցել եմ ու կհամագործակցեմ պարոն Աղազարյանի հետ»։
Բոլորս ենք հասկանում, որ Աղազարյանի մանդատի հարցը Նիկոլ Փաշինյանի պատվի հարցն է, քանզի եթե Աղազարյանը չկատարի իր ասածը և շարունակի իր գործունեությունը ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր, ինչպես, օրինակ, Գեղամ Նազարյանը, ապա Փաշինյանի «երկաթե բռունցքի» մասին պատկերացումները կուսակցությունում կխարխլվեն, ինչը ցանկալի չէ ընտրությունների նախաշեմին:
Նարե Գնունի