Փաշինյանը կմասնակցի՞ քարոզարշավին, Ռուսական պլանը՝ Երևանում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ավագանու ընտրությունների քարոզարշավում Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ-ում մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին, թիմակիցների հետ շրջի Երևանի փողոցներով և քաղաքացիներին կոչ անի քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, մինչդեռ կուսակցությունում մի մասն էլ կարծում են, որ Փաշինյանի մասնակցությունը, հնարավոր է, լրիվ հակառակ ազդեցություն ունենա:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլոր պատգամավորները ակտիվորեն մասնակցելու են քարոզարշավին. հիմա բաժանումներ են անում, թե որ պատգամավորը որ վարչական շրջանում է քարոզարշավ անելու:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔՊ նախընտրական շտաբ՝ պարզելու՝ ովքեր են իրականացնելու քարոզարշավը, արդյոք Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցելու է դրան։
«Քարոզարշավի ֆորմատը նոր ենք որոշում, նոր ենք սկսել աշխատանքները, իսկ վարչապետի մասնակցությունը դեռ քննարկվում է»,- ասացին շտաբից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած ՔՊ վարչության անդամ, որպես չեզոք պաշտոնյա, այժմ կազմակերպում է Երևանի ավագանու ընտրությունները։
Տարօրինակ է, որ Հովակիմյանը հրավիրված ասուլիսում խոսում էր հայտարարագրերի թափանցիկ լինելու մասին, սակայն իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատվություն ստացած Աջափնյակում գտնվող շինության, հողին ամրակցված անշարժ գույքի և 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել:
Հավելենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստրի կողմից հաշվառված շինությունը, մեկ հողատարածքին ամրակայված անշարժ գույքը և հողամասը միանձնյա սեփականության իրավունքով է, իսկ մյուս հողամասը համատեղ սեփականությամբ։ Այսինքն, թե ում կողմից է նվիրատվությունը, անհայտ է։ Հովակիմյանը պատգամավորական մանդատ ստանալուց գրեթե 2 ամիս անց ձեռք է բերել նոր մեքենա՝ 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի։ Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել:
ԿԸՀ նախագահի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 6 հազար դոլար և 335 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։
Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 181 հազար դրամ, որից 6 մլն 142 հազարը Ազգային ժողովի աշխատակազմից է, իսկ 3 մլն 39 հազար դրամ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Հովակիմյանը հանդիսանում է Հովակիմյաններ Ն.Մ. կազմակերպության 100% բաժնետեր։
Վահագն Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, ըստ ամուսնու հայտարարագրի՝ անհատ ձեռներեց է, սակայն հայտարարագրում ոչ մի կետ նշված չէ։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ կնոջ ձեռնարկությունը զբաղվում է մշակութային գործունեությամբ. մասնավորապես՝ ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր կազմակերպման բնագավառում կատարվող գործունեությամբ։
Հովակիմյանն ունի երկու որդի, որոնց անունների առաջին տառերով էլ 2005 թվականին ստեղծել է կազմակերպությունը՝ «Հովակիմյաններ Ն.Մ.»։
Միսակ Հովակիմյանը Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում առաջին կարգի մասնագետ է։ Որդին հայտարարգրել է հոր մեքենան և 2 մլն 366 հազար դրամ հաշվետու տարվա եկամուտ, որը աշխատանքի վարձատրություն է նույն գրասենյակից։
Նարեկ Հովակիմյանը որպես ՀՄ 2-րդ կարգի ճարտարագետ, աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում, որը 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկում 32-րդն է։ Որդին հայտարարագրել է 2 մլն դրամ որպես բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 264 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 6 մլն 753 հազար դրամ, որից 5 մլն 608 հազարը աշխատանքի վարձատրություն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ից։
Հովակիմյանի հետ համատեղ բնակվող մայրը՝ Խանում Հովհաննիսյաանը, հայտարարագրել 1 մլն 95 հազար դրամ բանկային ավանդներ և 610 հազար դրամ կենսաթոշակ։
Բացի Հովակիմյանից ընտանիքի անդամներից ոչ ոք հայտարարագրում չի նշել սեփական անշարժ գույք, այս դեպքում Հովակիմյանն ում հետ է համատեղ սեփականությամբ նվիրատվություն ստացել հողամասը, պարզ չէ:
Հավելենք, որ Հովակիմյանի երկու որդիներն էլ պարտադիր զինծառյորթյունից ազատվել են թերևս հոր անմիջական ջանքերով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երևանի ընտրությունները որքան քաղաքային են, այնքան էլ քաղաքական են: Ու եթե մի փոքր հեռու գնանք, ապա կստացվի, որ ՌԴ և Արևմուտք բախում է լինելու ՀՀ մայրաքաղաքում: Մինչ այս իրենց մասնակցության մասին հայտարարած թեկնածու-ուժերից գոնե երկուսը ակնհայտ ունեն ռուսական ուղղվածություն: Նրանց լոկոմոտիվը թերևս կդառնա նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, որն արդեն հայտարարեց մասնակցության մասին:
Իր պաշտոնավարման օրոք Մարությանն հիմնականում աշխատել է ռուսական կողմի հետ, գնել է ռուսական արտադրության տեխնիկա, «Կամազ»-ներ և «Գազել»-ներ, ինչպես նաև հաճախ գործուղման է մեկնել ՌԴ և հանդիպել դեսպանի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության հույսը, ինչպես միշտ, Արևմուտքն է:
Տիգրան Ավինյանն ավելի շատ արևմտամետ թեկնածու է կարծես, որը հիմնականում համագործակցության եզրեր է փնտրում եվրոպական քաղաքների հետ., վերջերս այցելել էր Վաշինգտոն, իսկ օրեր առաջ հանդիպել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Արևմտյան թևը ներկայացնում է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արտակ Զեյնալյանի դեմքով, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր է հաղթում, և հենց վերջիններս էլ, կարծես թե, պատրաստ են իշխանության հետ կոալիցիա կազմել։
Այս ընտրությունները հետաքրքիր են այնքանով, որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին: Նրանք դաշտն ազատեցին նախկին-ներկա բանավեճից: Ու եթե ռուսական փաստացի աջակցություն ունեցող ուժերը հաղթեն, Հայկ Մարությանը մայր Հայաստանը թերևս կդարձնի ապրելու երկիր:
Մոսկվան էլ թերևս կփորձի Փաշինյանին զրկել Երևանում իշխանությունից, ինչը կհեշտացնի Արցախի խնդրում որոշակի պրոցեսներ:
Թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները, ժամանակը ցույց կտա, բայց դրանք արդեն հետաքրքիր են»: