Հուսով եմ՝ խաղն առանց սադրանքների կանցնի․ Լևոն Պաչաջյան

Հուսով եմ՝ խաղն առանց սադրանքների կանցնի․ Լևոն Պաչաջյան

Հիմնական սպասելիքները, իհարկե, դրական են ու հուսով եմ, որ այս ոգևորության ֆոնը, որը կա, միայն դրական կազդի մեր հավաքականի վրա և թիմին նոր միացողները նույնպես հավաքականի շունչը կզգան ու իրենց շատ լավ կդրսևորեն, թեև հասկանում եմ, որ նոր մարզիչ ունենք, որը նոր է ծանոթանում ֆուտբոլիստներին, թիմին, ֆուտբոլիստներն էլ իրեն են ծանոթանում։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը՝ խոսելով սպասվող հանդիպման մասին։ 

Հիշեցնենք, որ ընդամենը ժամեր անց Երևանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Թուրքիայի դեմ խաղով: 

«Ֆուտբոլային առումով հստակ կարծիք հիմա չես կարող ունենալ, ամեն ինչ նոր է սկսվում, մի քանի խաղ հետո արդեն կարող ենք խոսել ձեռագրի, տակտիկայի մասին»,-ասաց նա։ 

Պաչաջյանը առիթ ունեցել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղաղ Թուրքիայի հավաքականի դեմ և հարցին, թե ինչ համեմատականներ կարող է տանել, վերջինս պատասխանեց․

«Տարբեր ժամանակահատվածներ են, տարբեր թիմեր են՝ թե՛ մենք, որպես հավաքական, թե՛ Թուրքիայի հավաքականը: Կարծում եմ՝ այն ժամանակ Թուրքիան ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ ուներ, շատ ավելի մեծ անուններ կային այն թիմում, քան հիմա, բայց միշտ էլ Թուրքիայի հավաքականը մրցունակ է եղել և այս տարածաշրջանում բավականին լուրջ մրցակից է մեզ համար: Բայց ես լավատես եմ ու հավատում եմ, որ մեր տղաները լավագույնս իրենց կդրսևորեն ու մեզ կուրախացնեն այսօրվա խաղով»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե խաղը նաև քաղաքական ենթատեքստ է ստացել, որը հավելյալ պարտավորեցնող է, Պաչաջյանն արձագանքեց․ 

«Բացարձակ պետք չէ քաղաքական ենթատեքստ տալ, որքան էլ դա բարդ է։ Քաղաքական ենթատեքստը միայն խանգարում է սպորտին, ֆուտբոլիստները, թիմը, պետք է հեռու մնան այդ խոսակցություններից, երկրպագուները նույնպես զսպվածություն պիտի դրսևորեն։ Ես հասկանում եմ, որ այդ աժիոտաժը կա, չենք կարող 100 տոկոսով հեռու մնալ այդ ամենից, բայց շատ կարևոր եմ համարում այն, որ ֆեդերացիան շատ մեծ աշխատանք է տարել, որպեսզի այս խաղը հնարավորինս ապաքաղաքական լինի ու չվնասի խաղացողներին։ Հորդորում եմ, որ խաղով հետաքրքրվածները միայն խաղի վրա կենտրոնանան, մնացածը քաղաքական գործիչների անելիքն է, սպարտից դուրս է դա։ Հուսով եմ, որ խաղն առանց սադրանքների կանցնի, ՈՒԵՖԱ-ն շատ խիստ է նման դեպքերում, պետք է չվնասենք մեր ֆուտբոլը, եթե լինեն ինչ-ինչ գործողություններ, որոնք կդիտվեն հակաֆուտբոլային, դրանք կարող են հանգեցնել նրան, որ մեր հավաքականը կզրկվի Հայաստանում խաղ անցկացնելու իրավունքից. պետք է մնանք միայն ֆուտբոլային տրամաբանության մեջ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան