Ձերբակալություններ՝ ապօրինի ծառահատման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Ձերբակալություններ՝ ապօրինի ծառահատման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու պայմաններում կազմակերպված խմբի կողմից ապօրինի ծառահատման դեպք:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեից, քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, ով 2022թ. սեպտեմբերից զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով և իր լիազորությունների շրջանակից դուրս գալով, 2022թ. նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում խախտելով իր պաշտոնի նկարագրով և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Ազգային պարկի պահպանության ռեժիմ»-ի կանոնները, թույլատրել է նույն մարզի Թեղուտ գյուղի բնակչին պատկանող թրթուրավոր տրակտորի մուտքը իր պահպանության տակ գտնվող տարածք, հանձնարարել է անտառապահին տևական ժամանակով դեպի տարածք տանող ուղեփակոցի բանալին տրամադրել Թեղուտ գյուղի հիշյալ բնակչի կողմից ուղարկված անձին՝ այդ կերպ առանց հսկողության ու վերահսկողության թողնելով իր պահպանության տակ գտնվող տարածքը:

Արդյունքում Թեղուտ գյուղի բնակիչը, ապօրինի փայտանյութ ձեռք բերելու դիտավորությամբ, Հաղարծին գյուղի երկու բնակիչների միջոցով կազմակերպել և ղեկավարել է  բնության հատուկ պահպանվող տարածքում կոտրելու և արմատախիլ անելու միջոցով թվով 13 հատ հաճարենի տեսակի թաց կանգուն ծառերի՝ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասումը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ 4.552.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Փաստի առթիվ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով, Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-387-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, իսկ Հաղարծին գյուղի բնակիչներից մեկի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:

Երեք անձ, այդ թվում՝ «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, հետաքննության մարմնի կողմից հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հաղարծին գյուղի մյուս բնակչին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախքննությունը շարունակվում է: