Օմանի Սուլթանությունում Հայաստանի դեսպանություն կբացվի

ԱԳՆ-ն կառավարության նիստի օրակարգում ներկայացրել է նախագիծ, համաձայն որի՝ Օմանի Սուլթանությունում պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Մասկատ):
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:
Օմանի Սուլթանությունը, շնորհիվ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության, տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը: Ուստի, հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան՝ օմանական կողմը դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։