ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցին կրում է 20 տարի ազատազրկումը

ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցին կրում է 20 տարի ազատազրկումը

ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, սպանված 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանի հարազատները դեմ էին այս որոշմանը, քանի որ սպասում էին ցմահ ազատազրկման որոշում։

MediaHub-ի հետ զրույցում Հուսեյն Ախունդովի պաշտպան Սարմիկ Հարությունյանը նշեց, որ ազատազրկման որոշումն ուժի մեջ է մտած, բայց նույն ժամանակ Մելիքսեթայանի ընտանիքը Վերաքննիչ դատարան բողոքարկում է ներկայացրել։ 

«Բողոքարկումը լսել են, չնայած, կարծում եմ, որ որոշումը չի փոխվի»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում, որը նշել էր, թե ընկերոջ հետ փախել են իրենց ծառայակիցներից։ Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովն ավելի ուշ հայտնաբերվեց. 3 օր անց Սյունիքի մարզի Աճանան գյուղում գյուղացիները տարօրինակ մեկին էին նկատել, մոտեցել, պարզել, որ ադրբեջանցի է: Ախունդովին գտնելուց հետո առաջ բերվեց մի վարկած, թե ինքն է սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին, քանի որ Հայրապետի հեռախոսը վերջինիս մոտ է եղել։ 

Դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաեւ պահնորդի սպանության համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետեւ, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաև տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի: