Փաշինյանը, պահի հարմարավետությունից ելնելով, ասել է բաներ, որոնք անդառնալի հետևանք ունեցան․ Թանդիլյան

Փաշինյանը, պահի հարմարավետությունից ելնելով, ասել է բաներ, որոնք անդառնալի հետևանք ունեցան․ Թանդիլյան

Արդեն 10-րդ օրն է, ինչ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է իրականացնում՝ հաջակցություն ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների։ Այսօր առավոտյան MediaHub-ը այցելել է քաղաքական գործչին՝ տեղեկանալու, թե ինչպես է նրա առողջական վիճակը և ինչ արձագանք է գտել իր այս ծայրահեղ քայլը։ 

«Երկրի իշխանություններից սպասելիք չկա, զրո է․ ինչպես իրենք են զրո, այդպես էլ իրենց վարկանիշը։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա այս հացադուլից ու մեր բարձրացրած աղմուկից հետո արձագանքներ եղել են։ ՄԱԿ-ը բանաձև ընդունեց և վաղն էլ ԵԽ նիստում քննարկվելու է այդ հարցը՝ կապված Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հետ։ Թեև բոլորս էլ հասկանում ենք, թե այս ապօրինությունների դարում ինչպես է Ադրբեջանը վարվում միջազգային կառույցների հետ․ Կարմիր խաչի գրասենյակի փակումը վառ օրինակ։ Ու այս ամենաթողությունն անգամ արձագանքի չի արժանանում։ Երբ լռում են միջազգային կառույցները, ստացվում է, որ իրենք Ադրբեջանի համախոհն են»,- նշեց Թանդիլյանը։

Դիտարկմանը, որ դեռ մեկ շաբաթ առաջ ՀՀ իշխանությունն էլ որևէ կերպ հանրային պարսավանքի չէր արժանացնում Ադրբեջանի քայլերը, բայց նախորդ չորեքշաբթի օրը՝ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոշտանգվում են հայ գերիները, Մանե Թանդիլյանն արձագանքեց․ «Նա կարող է պահի հարմարավետությունից ելնելով ասել բաներ, որոնք կարող են անդառնալի հետևանք ունենալ։ Նա այնպիսի բան է ասել Ռուբեն Վարդանյանի մասին, որ հատորներով մեղադրանքներ են ավելացել Վարդանյանի վրա»։

Ինչ վերաբերում է հացադուլը դադարեցնելուն, ապա Թանդիլյանն ասաց, որ հետևում է բժիշկների ցուցումներին։

«Երբ մենք հացադուլ էինք հայտարարում, վերջնարդյունք էլ էինք ակնկալում։ Հիմա հետևում ենք իրադարձություններին, ԵԽ բանաձևնի ընդունումն էլ կարող է որևէ բան փոխել»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարե Գնունի