Ոստիկանությունը հիմա էլ ուզում է ՏԻՄ-երի միջոցով հասանելիություն ունենալ տեսախցիկներին․ նոր նախագիծ՝ ՆԳՆ-ի կողմից

Ոստիկանությունը հիմա էլ ուզում է ՏԻՄ-երի միջոցով հասանելիություն ունենալ տեսախցիկներին․ նոր նախագիծ՝ ՆԳՆ-ի կողմից

Ներքին գործերի նախարարությունը ԱԺ է ուղարկել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթ, որով նոր շունչ են տալիս տեսախցիկներին ոստիկանությանը հասանաելիություն ապահովող օրենքի նախագծին, որը այդպես էլ չընդունվեց, քանզի մերժվել էր խորհրդարանի կողմից։

Հիմա նոր ձևով են այս նախագիծը ներկայացրել ԱԺ, որով ոչ թե ուղիղ ոստիկանությանը, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և համայնքներին են տալիս այս լիազորությունը՝ միաժամանակ պարտավորեցնելով, որ համայնքի ղեկավարը ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիություն տրամադրի համայնքի մուտքերը եւ ելքերը տեսանկարահանող, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունները դրսի կողմից տեսանկարահանող, ինչպես նաեւ՝ տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման եւ (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին: Այսինքն՝ ամեն գնով այս նախագիծն ուզում են կյանքի կոչել, պարզապես՝ մի փոքր այլ ճանապարհով, ՏԻՄ-երին տրվող լիազորությունների և պարտականությունների միջոցով։

Օրենքի նախագծում նշված է նաև, որ տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություններ»։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության եւ այլ հակահասարակական վարքագծի դրսեւորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունեն: 

«Ավելին, սույն նախագծերի փաթեթով սահմանված տեխնիկական միջոցների եւ դրանց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետեւ՝ Ոստիկանություն) հասանելիության՝ դրանք վերջինիս տեսադաշտում ներառման ապահովումն ու դրանց նկատմամբ ոստիկանության կողմից վերահսկողության հաստատումը, հասարակական անվտանգության ապահովման այլ միջոցների նկատմամբ ունի գործնական մեծ առավելություն, քանի որ այն իրական (ռեալ) հնարավորություն է տալիս Ոստիկանությանը արագ արձագանքելու դրանցով արձանագրված (ֆիքսված) հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին»,- կարծում են նախագծի հեղինակները։

Վահե Մակարյան