Նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին խնդրում է Patriot զենիթահրթիռային համակարգեր, Abrams տանկեր եւ ավիացիա տրամադրել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է Յեյլի համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Անկեղծ կասեմ ձեզ, եթե դուք մեզ տայիք Patriot-ներ, ես ինքս կգայի ձեզ մոտ դրանց հետեւից։ Մեզ համար դա առաջնահերթություն է։ Եվ ցանկացած համակարգ, ճիշտն ասած, ՀՕՊ եւ ՀՀՊ, շատ կարեւոր են... Մենք 155 մմ-ոց հրետանի չենք ունեցել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրեցին, եւ դրանից հետո եվրոպական պետությունները սկսեցին աջակցել մեզ։ Դրանից հետո համազարկային հրթիռային համակարգերի հարց առաջացավ։ Միացյալ Նահանգները բացել է այս հնարավորությունների պատուհանը, եւ որոշ եվրոպական երկրներ աջակցել են: Հետո՝ տանկերի հարցը։
Ցավոք, ԱՄՆ-ը մեզ տանկեր չտվեց։ Մենք շատ էինք ցանկանում ձեռք բերել Abrams-ներ: Եվ եթե նման հնարավորություն լիներ, մենք գիտենք, թե կոնկրետ որ եվրոպացիները կարող էին մեզ ավելացնել զրահատեխնիկայի եւ այլ տանկերի աջակցությունը։ Մենք այս հարցով դիմում ենք ձեզ»,- ասել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ պատերազմի առաջին իսկ օրերից խնդրել է փակել Ուկրաինայի երկինքը։ «Իսկ դրանք են ՀՕՊ-ը, ՀՀՊ-ն եւ ավիացիան: Հենց սա մեզ չի բավարարում։ Օգնեք մեզ պաշտպանել մեր երկինքը»,- եզրափակել է Զելենսկին։