Շրջիկ «հավատացյալ» Նիկոլը ավելացրեց քաղբանտարկյալների թիվը` 4֊րդ Սրբազանն է բանտված։ Իսկ արդարադատության նախարար Գալյանը կրկին պնդելու է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
Սահմռկեցուցիչ է, երբ այս ապօրինի ձերբակալումներն իշխանությունները համարում են արդարադատության վերականգնում։ Այն դեպքում, որ այս ապօրինի ձերբակալումները հաշվեհարդար է իրական Հայաստանի իշխանության կողմից հայ մարդու գոյության եւ մարդու իրավունքների դեմ։
Աննախադեպ ստերը ուղեկցվում են գովաբանական մտքերով՝ ծափով ու ծիծաղով, մինչդեռ իրականում երեսը` ամուլ, տակն ու վրան` անօգնական, անճար, աննյութեղեն։
«Դե բա շարունակվում է կյանքը..»,- հիմա կասեն։
«Սուգը հավերժ չի..»,- հիմա կասեն։ Իբր մի այնպիսի սուգ էին պահել, որ հիմա էլ...
Պատերազմներից հետո ասացին. «Տղերքը գնացին, որ մենք ապրենք..»։ Հիմա էլ, թե բա, ի՞նչ անենք, թո՛ղ Չալոն անի, Չալոն, թե բա Ալոն, թո՛ղ անի. Ու այդպես Չալոն՝ Ալոյին, Ալոն՝ Չալոյին, ու դիմացը՝ Փաշինյան Նիկոլ, որ լավ գիտի իր անելիքը.
Մի կողմ թողնենք սարկազմը, բայց իրականում խայտառակ նվաստացման, ստորացման, օրեր ենք ապրում։ Ընդդիմությունը բանի պետք չի, իսկ իսկական ընդդիմադիրները անջատ֊անջատ։ Ու հիմա, ի՞նչ է անում Փաշինյանը ինչ մտքով անցնում է առանց կաշկանդվելու, առանց ամոթի։ Անգամ սովետական կարգերի ժամանակ այսպես «ափաշքյարա» մարդկանց գլխին չէին սարքում ու բանտերը գցում, ինչպես հիմա։
Սրբազանները բանտերում են, իսկ մյուս Սրբազանները Նիկոլի «աջն» են համբուրել ու հավատարմության երդում տվել, իսկ մնացած Սրբազաններն ու Վարդապետերը, ովքեր ընտրված Վեհափառի կողքին են, նրանց էլ լավ օրեր չեն սպասվում։
Արշակ Սրբազանի գլխին կախված Նիկոլի «չագուճը» ճոճվում էր անդադար, եւ հասան նրան, որ ապօրինաբար բանտեցին նրան։
Փաշինյանի սրտի դատավոր Մելքոնյանը արդեն չորրորդ Սրբազանին է բանտում։ Հիմա մենք նստած սպասում ենք հաջորդ բանտվողին։
Տխուր է, չափազանց տխուր։
Կարեւորը, դիմացը տոներ են, եւ. «Ինչ արվում է երեխաների համար է արվում..»,- հիմա կասեն։ «Հակառակորդին ուրախացնենք..»,- հիմա կասեն։ Հիմա կասեն. «Դե, մեզից ի՞նչ է կախված, որ»։ Ու այդպես շարունակ։
«Ու ամեն ինչ երեխաների համար ենք անում» ասողները, չեն գիտակցում, որ երեխաների ուսերին մի մեծ բեռ են թողել։ Կարեւորը, Հանրապետության հրապարակի «Մայր» տոնածառն է, ու քաղաքի արդուզարդը. Մնում է, այս աղետի մեջ, երբ եկեղեցին վտանգի տակ է, իշխանությունը ամենօրյա ռեժիմով ահաբեկում է ցանկացած արժանապատիվ մարդու, համատարած վախի մթնոլորտ, կարեւորը «տոնածառ ջան, տոնածառ»։ «Զանգուլակները ականջներիցդ կախ տվեք ու տոնածառի շուրջ պար խաղ-եկեք, մեկ-մեկ ձեռք էլ կտաք, որ փշաքաղվեք» - իշխանության «պահանջը»։ Համատարած թանկացումների ֆոնին խոզի, ոչխարի, կովի բդերն էլ չմոռանաք ապառիկով գնել։ «Դե, ինչ անում են, երեխաների համար են անում»։
Ու այս աղետի վերջը չի երեւում։ Որովհետեւ մեկի հացն է չոր, մյուսի ադամանդը փոքր։
Մենք մաշել ենք մեր պայքարի ու պայքարելու կարողությունը։ Անգամ ընդդիմությունը չկարողացավ այն փաստաթղթերը, որոնք կան, որոնք ապացուցում են, որ բանակցային գործընթացում Փաշինյանը ոչ թե ձախողել է, որովհետեւ ինչպես ինքն է կերակրել շատերին, թե բա նախորդներից վատ ժառանգություն էր ստացել, դե իրեն ի՞նչ էր մնում, եթե ո՛չ Հայաստանը «փրկելու» համար
Արցախը հանձներ թշնամուն, որ այսօր երկիրը «խաղաղություն» հաստատած «իրական Հայաստան» - ում ապրեր, այլ դիտավորյալ տանել նրան, որ այսօր Արցախը հայկական չլինի, ու հրաժարվի Արցախից.
Այսօրվա եւ վաղվա միակ մեղավորը Նիկոլն է...
Ե՞վ...
Ամեն բան իր ձեռքերում էր եւ կարող էր այսօրվա երկրում տիրող աղետը, որ կախված է յուրաքանչյուրիս գլխին կանխեր, ու չկանխեց... Մինչդեռ այս ստորացումներին, 2026 - ին գնում ենք «հպարտ» ընտրելու մեր ապագան, իսկ շատերին թվում է, որ ինքն է հաղթելու, որովհետեւ Փաշինյանին, այլեւ ձայն տվող չկա։
Ինչպես ասում են ձեր ոտքերը ամպոտ են, վար իջեք ցած իրականության աչքերին նայեք։
Եվ տեղին է հիշել. «Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ։
Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես։
Ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ։
Ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից։
Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։
Սրբազան Արարատը մոռացության տալու համար՝ մենամարտի է հանվում և հակադրվում Արագածի հետ, պատմական Հայաստանը փորձ է արվում թաղել կարծեցյալ «իրական Հայաստանի» բավիղներում, Նժդեհը մերժվում է որպես ազգայնամոլ, Վարդանն ու Վասակը փոխվում են դերերով, և, ինչպես կասեր Շիրազը, «Վասակները՝ գահի վրա, Վարդանները՝ մահի»։
Դպրոցից դուրս է բերվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, հենց հանրակրթության շրջանակներում եղծվում ու խեղաթյուրվում է «Հայոց պատմություն»-ը։ Հող հանձնողները դառնում են հայրենասեր, իսկ հողի համար կռվողները՝ գործակալներ, ամուսինները դառնում են զուգընկերներ, իսկ զուգընկերները՝ միգուցե միայն տղամարդիկ և կամ միայն կանայք։
Ահա այսպես է այսօր թշնամական օրակարգին «հակազդում» Ցեղասպանություն վերապրած ժողովրդի իշխանությունը»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերշ․ տ․ Արշակ արք․ Խաչատրյանը՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակության օրվա նախօրեին՝ ջահերով երթի ժամանակ (2024 թ. Ապրիլի 23, Երևան)։
Արթուր Հայրապետյան
