Պատահական չէ, որ անմիջապես Սրբազանի այցից հետո է սկսվել նման գործընթաց․ Գևորգ Փարսյան

Երկու օր առաջ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ անցած շաբաթվա վերջին իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։ Այս ամենը կապում են նրա հետ, որ Փարսյանը համարձակվել էր դիմավորել Բագրատ Սրբազանին, հենց դրանից հետո էլ սկսվել են իր նկատմամբ այս գործընթացները։
Գևորգ Փարսյանն այսօր MediaHub-ի հետ զրույցում չհերքեց, որ հնարավոր է՝ Սրբազանին դիմավորելն է եղել իր դեմ սկսված գործընթացների պատճառը, և մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել․ «Մոտ մեկ ամիս առաջ քրեական վարույթի շրջանակներում գնումների գործընթացների հետ կապված փաստաթղթեր են առգրավվել՝ առգրավման որոշումը ներկայացնելով, որտեղ նշված է, որ քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնված։ Այդ հոդվածը վերաբերում է չարաշահումներ հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս։ Բայց այստեղ հատկանշականն այն է, որ առգրավվել են էն փաստաթղթերը, որոնք վերաբերում են «Կապանի նորոգշին» ընկերության մասնակցությամբ գնումների գործընթացներին։ Իսկ դա իմ ընտանիքին պատկանող շինարարական կազմակերպությունն է»։
-Հիմա Դուք ընդունո՞ւմ եք, որ ինչ-որ ձևով եղել է չարաշահում Ձեր կողմից, որ օգտագործել եք Ձեր դիրքն ու արել եք այնպես, որ հաղթի հենց Ձեր ընտանիքին պատկանող ընկերությունը։
-Ոչ, ոչ մի դեպքում, բոլոր գնումների գործընթացները անցկացվել են բացառապես օրենքի տառին համահունչ, և չարաշահումները բացառվում են։
-Իսկ այլ ընկերությունները մասնակցե՞լ են այդ մրցույթին և հնարավորություն ունեցե՞լ են հավասար պայմաններում հաղթելու։
-Կապանի համայնքապետարանում բազմաթիվ շինարարական կամ քաղաքաշինական ոլորտի աշխատանքների մրցույթներ են անցկացվում՝ մի քանի միլիարդ դրամ արժողության, «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ն էլ, որպես շինարարական մասնագիտացված կազմակերպություն, Սյունիքի մարզում եթե ոչ ամենախոշորն է, ապա խոշորներից մեկն է։
-Իսկ մոտավորապես քանի՞ տոկոսն է կազմում ձեր ընկերության մասնաբաժինը համայնքապետարանի հայտարարած շինաշխատանքներում։
-Տարբեր տարեթվերին տարբեր է, օրինակ՝ կարող է 2020 թվականին 40 միավոր մրցույթ է եղել, «Կապանի նորոգշինի» հետ կնքվել է, ենթադրենք, 6 միավոր պայմանագիր, կամ 2021 թվականին, ենթադրենք, 30-ից ավելի մրցույթներ են հայտարարվել, «Կապանի նորոգշինի» հետ 8-ի դեպքում է կնքվել, այսինքն՝ տարբեր տարեթվերի տարբեր չափերի են եղել։ Բայց բազմաթիվ շինկազմակերպություններ մասնակցում են գնումների գործընթացներին և ճանաչվում են հաղթող։
-Իսկ Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամներին ներգրավե՞լ են այս գործընթացներին կամ քրեական վարույթի շրջանակներում ձեզնից որևէ մեկին կանչե՞լ են հարցաքննության որևէ կարգավիճակով։
-Դեռ ոչ։
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս ամեն ինչը, Դուք սրա տակ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք։ Օրինակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ուզում են պաշտոնից զրկեն, անգամ տանեն նորից նստեցնեն, բայց ինքը, միևնույն է, ասում է, որ այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ չկա, ինքն էլ պետության հետ խնդիր չունի։ Ձեր մասով ինչպե՞ս է։
-Ես կարծում եմ, որ քաղաքական ենթատեքստ հնարավոր է այստեղ։
-Ինչո՞ւ, ուզում են ազատվե՞լ Ձեզնից, չկարողացա՞ն Ձեզ ճնշել, դրա՞ համար են այս մեթոդներին դիմում։
-Չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ պատահական չէ, որ անմիջապես Սրբազանի այցից հետո է սկսվել նման գործընթաց, ընդհուպ՝ այն պարագայում, երբ 2021 թվականին նույն թեմայով՝ «Կապանի նորոգշինի» հետ կապված, նույն դատախազությունը դիմել էր Քննչական կոմիտեին, որպեսզի քրեական գործ հարուցելու հետ կապված նպատակահարմարության հարցը քննարկեն, որի արդյունքում քրեական գործ հարուցելը մերժվել էր հիմքեր չլինելու պատճառով։ Այսինքն՝ այն ժամանակ էլ նույն ձև այդ հարցն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել։ Բայց այն ժամանակ էլ ուսումնասիրվել է, և տեսել են, որ քրեական գործ հարուցելու որևիցե հիմք չկա։
-Այսինքն՝ ամեն անգամ, երբ քաղաքական իրավիճակը սրվում է, ընդդիմադիր շարժումները ոտքի են կանգնում, և որոնց Դուք ինչ-որ ձևով մասնակցում եք, Ձեր նկատմամբ այսպիսի գործընթացնե՞ր են սկսվում։
-Ես ավելի շուտ կասեմ, որ «Կապանի նորոգշինի» հետ կապված՝ համայնքապետարանի հայտարարած գնումների գործընթացներում այս խոսակցությունները վաղուց են առկա, նույնիսկ 2021 թվականին նույն ձև, այո, եղել է այդպիսի իրադարձություն, և, նույն պրոցեսները, թվում է, թե հիմա նորից կրկնվում են՝ քրեական վարույթ են նախաձեռնում նույն բովանդակության մեջ։
-Ձեր կարծիքով՝ սա կհանգեցնի՞ Ձեր պաշտոնկանկությանը ինչ-որ ձևով կամ կհաջողվի՞ ՔՊ-ականներին՝ ազատվել Ձեզանից, և Դուք պատրա՞ստ եք այդ սցենարին։
-Ուրեմն, ես նախաքննության հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, իսկ թե ինչ տրամադրվածություն ունեն, և ինչ ընթացք կրտվի, դա կտեսնենք։
-Ձեզ հետ այս ընթացքում քաղաքական մակարդակով կապի դուրս եկե՞լ են, ինչ-որ բան ասե՞լ են, թեկուզ՝ մարզպետի կամ ՔՊ-ից որևէ մեկի դեմքով։
-Ոչ, նման երևույթներ չկան, որևիցե կապ չկա այդ առումով։
Վահե Մակարյան