«Ճանշինի ղեկավարն ու նրան հսկող պաշտոնյաներն էլ պիտի պատժվեն». Ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներ. «Ժողովուրդ»

«Ճանշինի ղեկավարն ու նրան հսկող պաշտոնյաներն էլ պիտի պատժվեն». Ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով զոհվածների հարազատները սպասում են, որ հրավիրվեն նախաքննական մարմին: Բանն այն է, որ զոհված քաղաքացիների հարազատներն անձամբ են գնացել ու ուսումնասիրել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրի կոնկրետ հատվածն ու արձանագրել, որ, «Զիլ»-ի վարորդից բացի, պետք է պատասխանատվության ենթարկվի «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող եւ սպասարկող կապալառու կազմակերպությունը:

Ըստ ծնողների՝ այդ ճանապարհը «մսաղաց» է, ու պետք է բոլոր պատասխանատուները անպատիժ չմնան: Նկատենք, որ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն հայտնել էր, թե -1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշանները: Սակայն ծնողները պնդելու են, որ, այսպես կոչված, ճանշինները եւ պետական պաշտոնյաները, որոնք պարտավոր են հսկել ճանապարհաշինարարներին, պիտի պատժվեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» եւ «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, ինչի հետեւանքով 12 ուղեւոր մահացան, իսկ «Զիլ»-ի վարորդը կալանավորվեց:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: