Էկվադորում նավթի արդյունահանումը կարող է դադարեցվել երկու օրից, եթե երկու շաբաթ առաջ երկիրը պատած բողոքի ցույցերը շարունակվեն։ Համապատասխան հայտարարությունը կիրակի օրը տարածել է Հարավային Ամերիկայի Հանրապետության էներգետիկայի և հանքերի նախարարությունը։
«Նավթի արդյունահանումը կրիտիկական մակարդակի վրա է. այսօրվա թվերը ցույց են տալիս 50% կրճատում (մինչև հունիսի 12-ը միջինում արդյունահանվում էր մինչև 520.000 բարել), եթե նման իրավիճակը պահպանվի, 48 ժամից կդադարեցվի նավթի արդյունահանումը երկրում, քանի որ վանդալիզմի, հորատանցքերի գրավման և ճանապարհների փակվելու պատճառով հնարավոր չէ դիզելային վառելիք և հումք մատակարարել, որն անհրաժեշտ է արդյունահանման շարունակման համար»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է գերատեսչության Twitter-ում։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Էկվադորում նավթի արդյունահանումը նվազել է 1,3 միլիոն բարելով, որից ավելի քան 1 միլիոն բարելը ստացվել է պետական Petroecuador-ից:
Շուրջ երկու շաբաթ շարունակվող ցույցերը 5 մարդու կյանք են խլել․ ցուցարարների հիմնական պահանջներն են՝ նվազեցնել բենզինի գները և ապահովել քաղաքացիների անվտանգությունը հանցավորության աճի ֆոնին։ Բողոքի ցույցերն ուղեկցվում են երկրի մի քանի խոշոր մայրուղիների փակմամբ և անկարգություններով։