Ավագանու մի քանի անդամի համար օրենք են փոխում, որ աշխատանքից չզրկվեն

Երևանի ավագանու որոշ անդամների նկատմամբ կոկոռւպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել։ Խոսքը այն անդամների մասին է, որոնք և՛ ավագանու անդամ են, և՛ միաժամանակ հանրային պաշտոն են զբաղեցնում։ Mediahub-ը անդրադարձել էր այս թեմային՝ գրելով, որ ՔՊ խմբակցության մի շարք անդամներ Ազգային ժողովում փորձագետի, աշխատակազմի նախագահի օգնականի և այլ պաշտոններ են զբաղեցնում։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության մեկ անդամ էլ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի օգնական է աշխատում։ Ու հիմա Հանրային ծառայության և ՏԻՄ-երի մաիսն օրենքում հակասության պատճառով այս անձինք հայտնվել էին կազուսային իրավիճակում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համարում է, որ կա խախտում, և պետք է ավագանու անդամները կա՛մ մանդատից հրաժարվեն, կա՛մ զբաղեցրած պաշտոնից։ Ուստի վարույթ էր հարուցել և մինչև փետրվարի 15-ը ժամանակ էր տվել, որ վերացնեին խախտումը։
Բայց այդ ընթացքում խնդրին միջանկյալ լուծում տրվեց։ Տեղի ունեցավ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, որի անդամներից մեկն էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, և որոշում է կայացվել օրենսդրական փոփոխություն կատարել։
ԿԿՀ նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը MediaHub-ին ասաց, որ քանի դեռ օրենսդրական փոփոխություն չկա, իրենք իրենց վարույթները կիրականացնեն, եթե այդ ընթացքում օրենսդրական փոփոխությունը լինի, իրենք կկարճեն վարույթները, եթե ոչ, ապա կարձանագրեն, որ խախտում կա։
Մեր հարցին՝ ինչպիսի՞ն է եղել իրենց դիրքորոշումը այդ նիստի ժամանակ, Մարիամ Գալստյանն ասաց․ «Մեր դիրքորոշումը եղել է, որ մենք կարծում են՝ խախտում կա, բայց քանի որ ՏԻՄ օրենքում, անկախ ամեն ինչից, իրոք գրած է, որ, օրինակ, ես չեմ կարող ավագանու անդամի պաշտոն զբաղեցնել, բայց ավագանու անդամը կարող է ԿԿՀ-ում պաշտոն զբաղեցնել, այդտեղ տարընկալում կա։ Ու քանի որ բոլորն ասացին, որ կարծում են՝ տարընկալում կա, մենք ասացինք՝ «չենք առարկի, որ այդ փուլում փոփոխությունը լինի՝ պայմանով, որ արգելքը պիտի հստակ ամրագրվի օրենքում»։ Ուստի որոշում եղավ, որ օրենքը կփոխվի, և օրենքում կգրվի անցումային դրույթներում, որ այն անձինք, որոնք այդ պահին պաշտոնավարում են, շարունակում են պաշտոնավարել, որ վատթարացնող նորմը էլ հետադարձ ուժ չստանար, իսկ այդ պահից սկսած՝մմնացածի նկատմամաբ արդեն օրենքը կկիրառվի։ Բայց քանի դեռ այդ օրենքի փոփոխությունը չկա, մենք մեր պրակտիկան շարունակելու ենք էնպես, ինչպես հանձնաժողովի դիրքորոշումը նախկինում եղել է»։
Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ այդ մի քանի ավագանու անդամի համար օրենք են փոխում, որ նրանք և՛ մանդատը պահպանեն, և՛ պաշտոնը, Մարիամ Գալստյանը ձեռնպահ մնաց գնահատական տալուց․ «Եկեք ես չմեկնաբանեմ, որովհետև ես չեմ կարծում, որ մի քանի հոգու համար է օրենքը փոխվում»։
Նկատեցինք, որ փաստացի շահառուները այդ մի քանի հոգին են լինելու, օրենքի ընդունումցի հետո մյուսների համար արդեն այլ նորմ է գործելու, Գալստյանը նկատեց․ «Մեր խնդիրն այս պահին պատժելը չէ, մեր խնդիրը կանխարգելելն է։ Եթե անընդհատ պիտի գային ասեին, որ տարընկալում կա, մեզ համար ավելի առաջնային է, որ հետագայում այդ նորմն այնպիսին լինի, որ ուղիղ արգելք լինի»։
Նա նաև տեղեկացրեց, որ նախագիծը պիտի որ մոտ տասն օր առաջ արդեն շրջանառության մեջ դրված լինի e-draft.am-ում, որովհետև իրենց կարծիքի արդեն ներկայացվել է։
Վահե Մակարյան