«Հյուսիսային հոսք» գազատարի համար Siemens տուրբին Կանադայից Ռուսաստանի փոխարեն Գերմանիա ուղարկելը չի համապատասխանում պայմանագրի կետերին. այդ մասին հայտնել է «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Վիտալի Մարկելովը։
«Ցանկանում եմ նշել, որ եվրոպացի գործընկերները «Գազպրոմին» մեղադրում են Եվրոպա գազի մատակարարումների անհիմն կրճատման մեջ։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Հենց նրանք չեն կատարում կոմպրեսորային կայանների սպասարկման պայմանագրային պարտավորությունները։ Կոչ եմ անում գործընկերներին հնարավորինս արագ լուծել սեփական խնդիրները, և այդ ժամանակ եվրոպական շուկա գազի մատակարարման հետ կապված իրավիճակը անմիջապես կկարգավորվի։ Ի դեպ, գործընկերների հետ մեր նամակագրության մի մասը շուտով կհրապարակվի», - ասել է նա «Россия 24» հեռուստաալիքի եթերում. փոխանցում է iz.ru-ն:
Հունիսի 14-ին և 15-ին «Գազպրոմը» հայտարարեց «Հյուսիսային հոսք»-ին սպասարկող երկու, ապա ևս մեկ գազի պոմպակայանների աշխատանքը դադարեցնելու մասին: Որոշումն ընդունվել է Siemens-ի տուրբինների հետ կապված իրավիճակի պատճառով, որոնք գերմանական ընկերությունը չի կարողացել վերադարձնել սպասարկումից Կանադայից՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ կանադական կողմն, այնուամենայնիվ, տեխնիկա է ուղարկել Գերմանիա։
Հուլիսի 25-ին «Գազպրոմը» հայտարարեց ևս մեկ տուրբինի աշխատանքի դադարեցման մասին և հստակեցրեց, որ կոմպրեսորային կայանի օրական հզորությունը հուլիսի 27-ից կկազմի օրական մինչև 33 միլիոն խորանարդ մետր:
Հուլիսի 27-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ տուրբինը պատրաստ է հանձնել ռուսական կողմին։
Միաժամանակ, Մարկելովը հայտնել է, որ Siemens-ը չի վերանորոգում Nord Stream գազատարի անսարք շարժիչները, ինչի պատճառով Պորտովայայի կոմպրեսորային կայանում ներկայումս աշխատում է միայն մեկ գազատուրբինային շարժիչ։ Նա մանրամասնել է, որ կայանում ընդհանուր առմամբ տեղադրվել է գերմանական ընկերության վեց գազի պոմպակայան։
Նույն օրը գերմանական Gascade օպերատորը հայտարարեց, որ չորեքշաբթի օրը Nord Stream-ով գազի մատակարարումները նվազել են մինչև 1,28 միլիոն խորանարդ մետր/ժ – գազատարի հզորության 20%-ը:
Siemens Energy-ն իր հերթին նշել է, որ կկարողանա Եվրոպա վերադարձնել Nord Stream-ի մնացած տուրբինները, եթե որոշեն դրանք տեխնիկական սպասարկման ուղարկել Կանադա։ Բացի դրանից, ընկերությունը պնդում է, որ «Գազպրոմից» նոր հաղորդումներ չեն ստացել բլոկների անսարքությունների մասին։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ տուրբինի մատակարարումը հաջող ավարտ կունենա։