Մարուքյանի նպատակը Փաշինյանին հեռացնելը չէ․ Ղազարյան

Մարուքյանի նպատակը Փաշինյանին հեռացնելը չէ․ Ղազարյան

Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը օր օրի ավելի լայն քննարկման առարկա է դառնում։ Երկիրն ուղիղ յոթ տարի կառավարող Փաշինյանին աթոռից հեռացնելու գաղափարը, սակայն, ոչ թե համախմբում է ընդդիմությանը, այլ հերթական սեպն է խրում վերջին շրջանում այսքան փխրուն դարձած ընդդիմության շարքերում։ 

Խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերն, ըստ էության, գնդակը մեկի դաշտից մյուսն են ուղարկում՝ յուրաքանչյուրը սպասելով դիմացինի կողմից իրականացվող առաջին քայլին։ Ու քանի որ այդ քայլն ուշանում է, Փաշինյանին մոտավորապես յոթ տարի կուրորեն վստահած, նրա թեզերն առաջ տարած ու միայն վերջերս իրենց «ցար ի բոգ»-ից հրաժարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են որոշել հեռացնել «երկիրը կործանման տանող» Փաշինյանին։ Եվ այդ քայլին հասնելու համար առաջադրում են ոչ ավել, ոչ պակաս Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ 

Հիշեցնենք, որ վերջինս խորհրդարանական «Ելք» խմբակցությունում Փաշինյանի թիմակիցն էր։

2022-ի մարտից 2024-ի մարտ էլ Փաշինյանի որոշմամբ եղել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։ 

Ինչևէ, կասկածի տակ չդնելով նրա ընդդիմադիր հայացքները՝ փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք ընդդիմադիր ուժերը կստորագրեն ու կմիանան այս գործընթացին։ ԱԺ միջանցքում ում այդ հարցը տվեցինք, նույն պատասխանը հնչեց՝ Աղազարյանն ու Ասլանյանը չեն եկել ու չեն ներկայացրել իրենց թեկնածուին, ուստի ասելիք չունեն։ Դիտարկմանը, որ Աղազարյանի աշխատասենյակում է իրականացվում ստորագրահավաք, մեզ արձագանքեցին՝ «․․․սարը գնա Մուհամեդի մո՞տ»։

Քանի որ ընդդիմության դիրքորոշումը դեռևս պարզ չէ, MediaHub-ը զրուցեց «Արթուն ենք» շարժման առաջնորդներից Էդգար Ղազարյանի հետ, որն ամենօրյա ռեժիմով փորձում է պատգամավորներին ներկայացնել բոլոր այն հիմքերը, որոնցով կարելի է հիմնավորել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։

Ղազարյանի դիտարկմամբ՝ Էդմոն Մարուքյանի և նրան առաջադրած երկու պատգամավորների նպտատակը Փաշինյանին հեռացնելը չէ։

«Այսօր Մարուքյանի ճեպազրույցն եմ լսել․ ի՞նչ է ասում նա։ Ինքն ասում է, թե երկու պատգամավոր իրեն առաջադրել են, «Պատիվ ունեմ»-ն էլ ասել է, թե անվերապահորեն կընդունի ցանկացած թեկնածուի, այսինքն՝ 8 ձայն արդեն կա։ Բայց «Պատիվ ունեմ»-ն իրականում այդպես չի ասել, ինչպե՞ս կարող են անվերապահորեն աջակցել ցանկացած թեկնածուի։ 107 պատգամավորներից յուրաքանչյուրը կարող է իր թեկնածուին առաջադրել, այսինքն՝ 107-ին էլ անվերապահ պիտի աջակցե՞ն։ Հիմա ի՞նչ է ասում Մարուքյանը․ ասում է, որ եթե «Պատիվ ունեմ»-ը իր ձայները տա, «Հայաստան» խմբակցությունը կմիանա, քանի որ հայտարարվել է՝ եթե ութ ձայն եղավ, իրենք կմիանան։ Ստացվում է, որ 36 ձայն լինում է։ Իսկ 36 ձայնով միանգամից գնալ ու նիստ հրավիրելն անիմաստ է, քանի որ ՔՊ-ն միանգամից դեմ կքվեարկվի, ու հարցը կլուծվի»,- ներկայացրեց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ իրենք հստակ հայտարարել են, պիտի քայլերն այնպես արվեն, ու գործընթացն այնպես տարվի, որ ՔՊ-ից էլ անհրաժեշտ քանակով ձայներ լինեն, երբ իմպիչմենտի հարցը գա ԱԺ։ Իսկ Մարուքյանի առաջարկած տարբերակով գործընթացը վիժեցվելու է, եթե անգամ ընդդիմադիր երկու խմբակցություններն աջակցեն իր թեկնածությանը։

«Բացի այդ, հենց այդ նույն ճեպազրույցի ընթացքում Մարուքյանի թեկնածությունն առաջադրած պատգամավորներից մեկը՝ Հակոբ Ասլանյանը, հայտարարեց, որ եթե Մարուքյանի թեկնածությունը բերեր ընդդիմադիր խմբակցություններից մեկը, ապա իրենք դեմ էին քվեարկելու։ Այսինքն՝ այդ մարդկանց նպատակը ոչ թե Փաշինյանին հեռացնելն է, այլ իրենց թեկնածուին առաջ տանելը»,- նկատեց Էդգար Ղազարյանը։

Նարե Գնունի