Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Իր ելույթի շարունակության մեջ նա նշել է.

«Հարգելի ներկաներ,

Ինչպես ասացի՝ «Խաղաղության խաչմերուկը» խաղաղության օրակարգի անբաժան մասն է: Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին:

Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ.

- Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն:

- Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.

- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր:

Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին:

Վերադառնալով «Խաղաղության խաչմերուկին», պիտի արձանագրեմ, որ այն լիարժեք կերպով ներգրվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ և ուրախ կլինենք Հայաստանի տարածքում ընդունել և անվտանգ ճանապարհել մարդկանց, տրանսպորտային միջոցներ, բեռներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր: Եվ ամփոփելով` ուզում եմ հաջողություն մաղթել «Մետաքսի ճանապարհ» համաժողովին և ցանկանալ արդյունավետ աշխատանք: Շնորհակալ եմ»: