Հանրությունն այս պահին պատրաստ չէ գործողությունների. Վահան Բաբայան

Հանրությունն այս պահին պատրաստ չէ գործողությունների. Վահան Բաբայան

Հայաստանի և Ադրեջանի սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքների 50%-ից ավելին արդեն իրականացվել են։ Կիրանցիներն իրենց դժգոհությունն են գործընթացի հետ կապված հայտնել երեկ Փաշինյանին, որին ի պատասխան լսել վերջինից, թե՝ «սահմանապահը կկանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»։

Այսպիսով, իշխանությունը չի էլ թաքցնում, որ տավուշցիների առօրյան այսուհետ անվտանգ չի կարող լինել: Ասում են՝ որևէ երաշխիք չկա: Բայց արդյո՞ք հասարակությունը կարող է այս գործընթացը կանգնեցնել, թե՞ ամենը որոշված է, և ՀՀ իշխանությունն ավարտին կհասցնի իր գործողությունները. այս և այլ հարցեր MediaHub-ն ուղղեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանին։

«Պայքարը լավ բան է, և յուրաքանչյուր պայքար պետք է ողջունելի լինի, մանավանդ, եթե այդ պայքարը հայ ժողովրդին հույս և հավատ է տալիս ու, նաև, կարող է որոշակի հարցերում դրական տեղաշարժերի բերել: Բայց դա դարձնել ինքնանպատակ և անել գործողություններ, որոնք առաջին հայացքից լավ են, բայց իրականում որոնց ՕԳԳ-ն բարձր չէ... պայքարելը լավ բան է, բայց այս պարագայում մենք տեսնում ենք այն վիճակը, որ հասարակության գերակշիռ մասն այս պահին պատրաստ չէ միանալ և պայքարել, և դա տեսնում ենք ամենուրեք»,– ասաց Բաբայանը։

Ըստ ԱԺ նախկին պատգամավորի՝ այս պահին լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվի։

Ճանապարհներ փակելու վերաբերյալ էլ ասաց՝ եթե մեկ- երկու օր որևէ քաղաքական ուժ կամ որևէ շարժում ճանապարհ է փակում, և դա լոկալ իր դիրքերից չի մեծանում ավելի գլոբալի, այսինքն՝ չի տարածվում, հասարակությունը չի միանում, իր ընդվզումը կամ բողոքի ձայնը չի բարձրացնում, հետևաբար դա ավելի լավ է չանել, քանի որ մարդկանց մոտ ավելի վատ տպավորություն է թողնում։

«Բեռնատարներ տանել, փակել, հետո թողնել-գնալ, կարծում եմ, դա արդյունավետ ճանապարհ չէ, այո, պայքարի մեթոդ է, բայց դա պետք է ճիշտ կազմակերպվի և կազմակերպվի այն ժամանակ, երբ հանրությունը ցանկություն ունի այդ գործընթացին ներգրավվելու։ Ես չեմ տեսնում հանրության մեջ այդ ձգտումը, բոլոր տիպի դիտարկումները ցույց են տալիս, որ հանրությունն այս պահին պատրաստ չէ նման գործողությունների»,– ասաց Բաբայանը։

Հարցին, թե արդյո՞ք, հնարավոր է, նույնը կրկնվի այլ մարզերում, օրինակ՝ Սյունիքում, Բաբայանը հիշեցրեց, որ իշխանությունն ասում էր՝ «ցավոտ լուծումներ են լինելու»: Ըստ մեր զրուցակցի՝ «սա այդ ցավոտ լուծումներն են, հիմա հայ ժողովուրդը ո՞նց կորոշի, ո՞նց կդիտարկի, այնպես էլ կգնա»։ 

«Այս հարցերի որոշողը հանրությունն է, հանրությունը եթե հանգիստ է վերաբերվում և չի միանում, չի ուզում այս հարցերում իր ներգրավվածությունն ունենալ, ուրեմն այնպես կգնա, ինչպես որ գնում է։ Մեր պարագայում կան անհատներ, կան ձգտումներ, բայց դա չի նշանակում, որ հանրությունը պայքարում է կամ հանրությունն ուզում է, դրանք տարբեր բաներ են։ Բացի այդ, PR  անողների և սելֆի անողների պակաս էլ չկա այս ամենի տակ։ Հանրությունը դեռ մինչ օրս ոտքի չի կանգնել, չեմ կարծում, որ ամբողջ Տավուշի մարզի բնակչությունն է ոտքի կանգնել, կամ ինչ–որ մարզում ոտքի է կանգնում հանրությունը, դա դեռ չի երևում։ Բնական է, որ մենք անարդար վիճակում ենք գտնվում, բնական է, որ Հայաստանը ավելի ու ավելի է զիջում իր անվտանգությունը, բայց հակառակ պարագայում ես չեմ տեսնում մարդկանց, ովքեր այլընտրանք առաջարկեն և ասեն՝ «եկեք այսպես չանենք, այլ այնպես անենք», իսկ դա կարող են ասել մարդիկ, ովքեր իրապես տիրապետում են և՛ քարտեզներին, և՛ պատմությանը, և՛ ներքին խոհանոցին, որ տեղի է ունեցել 90-ականներին»,– նշեց Բաբայանը։

Սահմանազատման և սահմանագծման ընթացքում իշխանությունը զերծ է մնում պատասխանելուց, թե արդյոք Ադրբեջանն հետ կքաշի իր ուժերը, որոնք տեղակայված են, օրինակ, Ջերմուկի մոտ, Սև լճի մոտ՝ Հայաստանի տարածքում։ Բաբայանը շատ թերահավատ է և չի հավատում, որ այս պայմաններում ու այս իրավիճակում, առավել ևս այս իշխանությունների օրոք Ադրբեջանը մեզ ինչ–որ բան կտա։

«Դուք լինեիք, կտայի՞ք։ Լսելով ամենը՝ չենք կարող ադեկվատ դատել և սպասել, որ մեզ ինչ–որ բան տալու են։ Դա եղել է այն ժամանակ, երբ մենք ունեցել ենք հզոր ղեկավարություն, հզոր բանակ, հզոր զորահրամանատարներ, հզոր միասնական վիճակ մեր պետության մեջ, հիմա մեզ ինչի՞ համար պետք ա տան ինչ–որ մի բան, ես չեմ կարող հասկանալ»,– եզրափակեց Բաբայանը։

Մարիաննա Արամյան