Հայ-վրացական հարաբերությունների նոր փուլը ռիսկ է Ադրբեջանի համար․ վրացագետ

Հայ-վրացական հարաբերությունների նոր փուլը ռիսկ է Ադրբեջանի համար․ վրացագետ

Երեկ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին, որով հայ-վրացական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ։ Ի՞նչ կտա սա մեր պետությանը և ի՞նչ սպասել․ թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

«Սա քաղաքական մեսիջ է, քաղաքական հայտարարություն, քանի որ ցույց է տալիս, որ երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Թբիլիսիի կողմից կա պատրաստակամություն և ցանկություն՝ հարաբերություններն ավելի խորացնելու»,- մեզ հետ զրույցում նշեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ սկսվում է նոր փուլ, որի համար կարևոր դեր ուներ միջկառավարական 13-րդ նիստը, քանի որ դրա շրջանակում ծրագրավորվեց գալիք տարվա գործակցության շրջանակը։

«Հիմա պետք է ստեղծվի հնարավորություն, որ մենք կարողանանք էլ ավելի ակտիվացնել տնտեսական գործակցությունը, նոր նախագծեր ստեղծենք, քանի որ մի բան է, երբ դու ֆիքսում ես հարաբերությունների մակարդակը, այլ բան է, որ դրան հասցնում ես տնտեսությունը։ Իմ կարծիքով՝ մոտակա 5-7 տարիներին հենց այդ աշխատանքը պիտի տարվի, որ տնտեսական գործակցությունը բերենք այն մակարդակի, տարվա կտրվածքով այն թվերը ֆիքսենք, որն իրոք ցույց կտա, որ հարաբերությունները դե ֆակտո ռազմավարական են»,- նկատեց Մելիքյանը։

Վրացագետի դիտարկմամբ՝ պետք է հասնենք տնտեսական գործակցության այն մակարդակին, որն ունեն Վրաստանն ու Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան։

«Պետք է ակտիվ օգտագործել բոլոր հնարավորությունները թե՛ միջպետական հարաբերություններում, թե՛ տարածաշրջանային կոնտեքստում։ Այդ կոնտեքստում էներգետիկ գործակցությունն է, ստորգետնյա մալուխի պրոեկտն է, որ էլեկտրաէներգիա է տանելու ԵՄ, էներգոկամուրջի պրոեկտն է»,- ներկայացրեց նա։

Ջոնի Մելիքյանը վստահեցրեց՝ այլ ոլորտներում էլ կարող ենք ձեռքբերումներ ունենալ՝ ռազմական գործակցություն, այլ սպեցիֆիկ ոլորտներ, «որոնք զարգացնելն արդեն երկու երկրների հետագա որոշումներից կախված կլինի»։

«Սա շատ կարևոր է մեզ համար․ ես միշտ ասել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է հասցնել այս մակարդակին, քանի որ, նախ, Վրաստանին է ձեռնտու այս ամենը․ ինքը բալանսավորելու է հարաբերություններն այս քայլով: Մյուս կողմից՝ առանց Վրաստան, մենք ՌԴ-ի հետ որևէ կապ չենք ունենա։ Ուստի այս հարաբերություններն այն մակարդակի պիտի լինեն, որ այդ ամենն ազդի նաև մեր գործակցությանը ԵԱՏՄ-ի հետ, ՌԴ-ի հետ։ Ես այստեղ մեզ համար ռիսկ չեմ տեսնում, ավելին՝ ռիսկ եմ տեսնում մեր հարևան երկրի համար, քանի որ Վրաստանն այսօր որոշել է բալանսավորել ու հավասարեցնել հայ-վրացական և հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ամփոփեց խոսքը Ջոնի Մելիքյանը։

Նարե Գնունի