Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Պետք է ՄԱԿ-ից պահանջենք, որ սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի դեմ. Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է Հաագայի դատարանի միջանկյալ ակտի կատարման ընթացքը։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր է ՄԱԿ անվտանգության խորհուրդը, դիտարկելով այս ակտը, որոշի կիրառել այն։

«Հայաստանն այդ ուղղությամբ քայլ արե՞լ է»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարցրեց նա։

Ի պատասխան՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Հաագայի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։

«Այն պետք է պարտադիր կատարվի, բայց, ցավոք, Ադրբեջանն անտեսում է այդ որոշումը, բացի այդ պաշտոնական մակարդակով էլ փորձում է աղավաղել որոշման բովանդակությունը։ Դա նաև ներկայացված է Ադրբեջանի ԱԳՆ նամակում, որն ուղղված էր ՄԱԿ գլխավոր քարտուղարին։ Գիտեմ, որ մեր նախարարի կողմից էլ դրան ի պատասխան նամակ է ներկայացվել»,- ներկայացրեց Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ եղել են փորձեր դատարանի միջանկյալ որոշումները ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն, սակայն դա հաջողությամբ չի պսակվել։

«Բայց մեր դեպքում անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատելը։ Մեր կողմից աշխատանքներ են տարվում հարցը օրակարգ մտցնելու համար»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց, որ ՄԱԿ կանոնադրությունը նախատեսում է ագրեսիայի դեպքում պատժամիջոցների կիրառում։

«Շատ կարևոր է, որ ոչ միայն գործադիր իշխանության, այլ նաև օրենսդիրի մակարդակում այս գործողություններն ուղղված լինեն ՄԱԿ անդամ երկրներին պահանջներ առաջադրելուն։ Մեր խորհրդարանը պետք է պահանջներ առաջադրի»,- նշեց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը։

Նա նկատեց՝ պետք է դիմել ՄԱԿ-ին և պահանջել, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send