Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում պետական նախարարի առաջարկի մասին

Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում պետական նախարարի առաջարկի մասին

Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել:

Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Այս մասին MediHub.am-ին փոխանցեց գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Արցախի պետական նախարար նշանակվելու իսկության հարցին։ 

«Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում,  քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված։ 

Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում: Մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու հավակնությունները և համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ ողջ հայկական աշխարհում՝  հստակ գիտակցելով մեր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը:

Ուշադրությամբ ծանոթացել եմ նախագահի առաջարկին: Պատրաստ կլինեմ դա ընդունել այն դեպքում, եթե մեր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները  լայն աջակցություն ունենան:

Ես պետք է համոզված լինեմ, որ մարդիկ ընդունում են իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը, որ մենք պատրաստ ենք միասին հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք լինելու են մեր նպատակին հասնելու ճանապարհին: Միայն այդ դեպքում իմ նշանակումն իմաստ կունենա:

Առաջիկա օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից հետո  կկարողանամ պատասխանատու որոշում ընդունել»-ասել է նա գրավոր պատասխանի մեջ։

Լիաննա Թորոսյան