Բեկոր Աշոտի ընտանիքում հակասական տրամադրություն է․ Ազատագրված հայրենիքը և Բեկորի գերեզմանը գերության մեջ են

Բեկոր Աշոտի ընտանիքում հակասական տրամադրություն է․ Ազատագրված հայրենիքը և Բեկորի գերեզմանը գերության մեջ են

Հրեշտակի նմանվող այս երեխան Հմայակ Ղուլյանն է, Բեկոր Աշոտի որդին։ Սա արցախյան առաջին ազատամարտի ամենատպավորիչ լուսանկարն է, որը և շատերը համարում են Շուշիի ազատագրման խորհրդանիշներից մեկը։ Աշոտ Ղուլյանի կինը MediaHub-ին ասաց, որ նկարն արվել է Շուշիի ազատագրումից օրեր անց, իսկ Հմայակն աղոտ է հիշում այդ օրը։ 

«Երբ լուսանկարն արվել է, ես դեռ 3 տարեկան չկայի, ավագ եղբայրս ավելին է հիշում։ Տեսանյութում հայրս գրկում է ինձ ու հարցնում՝ «տու հուր տղա՞յս» (դու ո՞ւմ տղան ես), ասում եմ՝ «Բեկորի»»,- պատմում է Շուշիի ազատագրման մասնակից, հրամանատար Աշոտ Ղուլյանի միջնեկ որդին՝ Հմայակը, ով արդեն 34 տարեկան է։ 

«Հայրս առաջին վաշտի հրամանատարն էր, Շուշիի ազատագրման օպերացիայի՝ բերդաքաղաքի պարիսպների ուղղության պատասխանատուն։ 1992-ից հետո մեր ընտանիքը յուրաքանչյուր հաղթանակի տոն նշում էր նախ Շուշիում, այնուհետև այցելում էինք Խնձրիստան, որտեղ և գտնվում է նրա գերեզմանը։ Այսօր անհասկանալի զգացողություն ունենք»,- ասաց նա։

Արցախյան առաջին ազատամարտում Աշոտ Ղուլյանի զոհվելուց ամիսներ անց կինը՝ Նելլի Ղուլյանը, ունեցել է արու զավակ և նրան Բեկոր է կոչել։ Ղուլյանների ընտանիքում այս տարի հակասական տրամադրություն է, քանի որ ոչ միայն ազատագրված Շուշին, այլ ամբողջ Արցախը գերության մեջ են։

«Առաջին տարին է, որ նրա գերեզմանին այցելել չենք կարող։ Սակայն հույսս չեմ կտրում, որ նորից մի օր կվերադառնամ, ծաղիկներ կխոնարհեմ ամուսնուս գերեզմանին ու կքայլեմ այն վայրերում, որի ազատագրության համար Աշոտն ու մեր հերոս տղաները գիտակցաբար նվիրել են իրենց կյանքը»,- ասում է Նելլի Ղուլյանը։ Բեկոր Աշոտի զոհվելուց հետո Ղուլյանների ընտանիքում 2 Աշոտ է վերածնվել։ 

«Ես ու Բեկորը մեր տղաներին հորս անունով ենք կոչել։ Իսկ 2-րդ տղաս, որ մայրական կողմով թոռն է Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Լևոն Մելիք-Շահնազարյանի, Լևոն անունն ենք տվել, վստահ, որ ինչպես անունների, այնպես էլ նրանց սխրանքների կրկնություն է լինելու»։ 

Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի անունով Երևանում ավտոմոդելավորման դպրոց է անվանակոչվել։ Տիկին Նելլիի խոսքով՝ այնտեղ որպես նմուշ պահպանվում են ամուսնու պատրաստած ինքնաշեն զենքերից։

«Գաղափարն ավագանու անդամ Արման Անտոնյանինն է, 2 տարի առաջ է անվանափոխվել։ Առայժմ, մինչ մեր վերադարձը Աշոտի ներկայությունն այնտեղ ենք գտնելու։ Իսկ այսօր պատրաստվում ենք Հայաստանի փրկության շարժմանը միանալ»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան