Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով բախվել է ծառերին և կողաշրջվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում՝ «Քարավան» ռեստորանի դիմաց, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։