Դրամը բարդ ճանապարհ անցավ, սակայն հաղթահարեց բազում ճգնաժամային իրավիճակներ․ ԿԲ նախագահի ելույթը

Դրամը բարդ ճանապարհ անցավ, սակայն հաղթահարեց բազում ճգնաժամային իրավիճակներ․ ԿԲ նախագահի ելույթը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ելույթ ունեցավ Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից։ 

Միջոցառման մասնակիցներին շնորհավորելով ազգային արժույթի 30-ամյակի կապակցությամբ, ԿԲ նախագահը նշեց, որ մեր հայրենակիցների տարբեր սերունդների նվիրական աշխատանքի շնորհիվ ՀՀ ազգային արժույթն այսօր Հայաստանի անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է:

Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ 1993 թ․ նոյեմբերի 22-ին, շատ ծանր պայմաններում դրամը դրվեց շրջանառության մեջ, անցավ բարդ ճանապարհ, սակայն հաղթահարեց բազում ճգնաժամային իրավիճակներ։ Այսօր դրամը կանգուն է՝ շնորհիվ մեր երկրում հետևողականորեն իրականացվող մակրոտնտեսական պատասխանատու կառավարման, և հայ հանրությունը լիովին վստահում է իր արժույթին։

Կենտրոնական բանկի նախագահը շեշտեց, որ որպես ինքնակրթվող հաստատություն՝ ԿԲ աշխատակիցները շարունակաբար ձգտում են գերազանցության՝ առաջատար հետազոտությունների և նորարարական լուծումների իրագործման միջոցով, հանդես են գալիս ապագային միտված նախաձեռնություններով՝ պահպանելով տնտեսական կայունության հանձնառությունը:

Մարտին Գալստյանը վստահեցրեց, որ Կենտրոնական բանկը շարունակելու է լինել վստահելի գործընկեր մեր հանրության, բիզնեսի և կառավարության համար՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը:

«Մենք հավատարիմ ենք մնում տնտեսական կայունության ու բարեկեցության ապահովմանը նպաստելու մեր առաքելությանը, և մենք անելու ենք ամենը, որպեսզի իրացնենք մեր երկրի և ամեն մի դրամի ներուժը», ասաց ԿԲ նախագահը: