Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:
Փաշինյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները և Կառավարության քայլերը միտված են տնտեսական կայուն աճի ապահովմանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքներին: Այս առումով, կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից և անդրադարձ կատարել հետագա քայլերին:
Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման և այլ հարցերի շուրջ: