Տապալված հանդիպում

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեկվա ընդլայնված նիստն ավարտվել է Հայաստանի վարչապետի և հրավիրյալի կարգավիճակով դրան մասնակցող Ադրբեջանի նախագահի բանավեճով։ Վեճը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն, ընդհատելով Ռուսաստանի նախագահի ամփոփիչ ճառը, որոշել է պատասխանել Իլհամ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման օգտագործմանը՝ նշելով, թե դրանով Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։
Իհարկե, Ալիևը հերքել է Փաշինյանի մեղադրանքը, Պուտինի խոսքով էլ՝ Բաքուն առանց որևէ բացառման ճանաչում է «Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, և այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն»:
Պուտին- Փաշինյան- Ալիև եռակողմ հանդիպումը, որն ընդամենը քսան րոպե է տևել, ըստ էության՝ անարդյունք է ավարտվել:
Պուտինն առաջարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերին մեկ շաբաթից հանդիպել և վերջնական տեսքի բերել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերը։
Սա, թերևս, եռակողմ բանակցությունների միակ արդյունքն է:
Փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածությունը Պուտինի «դեմքը փրկելու» միջոց էր:
Իրերի նման ընթացքը միանգամայն Ալիևի սրտով էր, մանավանդ, որ ռուսական միջնորդության տապալման պատասխանատվությունը սիրահոժար ստանձնել է Փաշինյանը՝ նույն օրը ՀԱՊԿ-ի դեմ կազմակերպած դեմարշով:
Ի վերջո, Ալիևը ստացել է առավելագույնը՝ ԼՂ «ինտեգրումը» ունիտար Ադրբեջանին ու գլխավոր դերակատարություն՝ Հայաստանի «կադաստրի վկայականը» ձևավորելու հարցում:
Կոմունիկացիաների հարցում Ալիևն ակնհայտորեն չի շտապում՝ գիտակցելով, որ Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի։
Վահրամ Բագրատյան