Ի՞նչ է ակնարկում Բրյուսելը

Ի՞նչ է ակնարկում Բրյուսելը

Լաչինի միջանցքի փակման երկրորդ օրն առաջին արձագանքները ստացվեցին աշխարհաքաղաքական կենտրոններից:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը երեկվա տեղեկագրում միայն փաստել է, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ նշելով խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ երթևեկությունը։

Ռուսական կողմը փաստացի շեշտը դրել է ճգնաժամի հաղթահարման ոչ թե ուժային, այլ դիվանագիտական- քաղաքական լուծման վրա: Դժվար չէ նկատել, որ առայժմ առաջընթաց չկա: Մյուս կողմից, Մոսկվայից հիմա դժվար է ակնկալել ուժային լուծում, եթե հաշվի առնենք, որ ուկրաինական պատերազմի հետևանքով էապես սահմանափակվել են Ռուսաստանի հնարավորություններն: Սա հանգեցրել է նրան, որ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության համար առաջնահերթություն են դարձել Թուրքիայի հետ հարաբերությունները

«Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ է առաջացնում և վնասում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

Վաշինգտոնի արձագանքն ավելի շատ նման է հորդորի, առայժմ չկան նշաններ, որ ամերիկյան վարչակազմը Բաքվի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու նպատակ ունի:

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»,- հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, թե «այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։

ԵՄ հայտարարությունն ամենահակասական է, ավելին՝ դրանում առկա են վտանգավոր շեշտադրումներ: Բրյուսելը պահանջում է միջանցքի ոչ թե անվերապահ բացում, այլ դա փոխկապակցում է «կողմերի երկխոսության և խորհրդակցությունների» հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ԵՄ-ում առնվազն լեգիտիմ են համարում Բաքվի «այլ մտահոգությունները»:

Բրյուսելը նաև նախօրեին չի երկարաձգել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ:

Սա ենթադրում է, որ ԵՄ ու Բաքվի միջև գոյություն ունեն ինչ-որ համաձայնություններ, որոնք գոնե առայժմ բարձրաձայնված չեն:

Վահրամ Բագրատյան