Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է․ Արայիկ Հարությունյան

Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է․ Արայիկ Հարությունյան

Մենք ջանք ու եռանդ չենք խնայել և չենք խնայելու պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և մեր առաջ կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այդ մասին այսօր իր ուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Արցախը ցանկանում է խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունի և պարտավոր է մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին:

«Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան: Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացիական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այդուհանդերձ, այն կրելու է շարունակական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին»,- նկատեց Հարությունյանը։

Նրա դիտարկմամբ՝ բանակցությունների միջոցով պիտի լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը՝ հավատարմություն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի ու իրավունքների հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքներին:

«Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ: Այդ նպատակին են ուղղված եղել մեր բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում արված իմ կոչը ուղղված ժողովրդին՝ վերադառնալու և բնակվելու Արցախում»,- ասաց Հարությունյանը։

Նա վստահեցրեց, որ որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը, որ մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:

«Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում, ես կարող եմ երաշխավորել յուրաքանչյուր արցախաբնակ ընտանիքի անվտանգությունն այնքանով, որքանով երաշխավորում եմ իմ սեփական ընտանիքի անվտանգությունը: Արցախի հայկական ապագայի երաշխավորման գործում յուրաքանչյուր անձի ու ընտանիքի վաստակի առաջնահերթ դրսևորումը հենց Արցախում ապրելն ու գործելն է, իսկ դրա գինը՝ առերեսվող դժվարություններն ու խնդիրները»,- նշեց Արայիկ Հարությունյանը։