ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ավիափոխադրումների մասին՝ նախ նկատելով, որ վերջին տարիներին բավականին աճ ունեն այս իմաստով, և որ ակնհայտ է, թե հիմնական ծանրաբեռնվածությունը «Զվարթնոց» օդանավակայանի վրա է, որն արդեն իր չափերով դժվարություններ է ունենում այդ հոսքերը սպասարկելու տեսանկյունից։
Ուստի հետաքրքրվեց՝ իրենք ունե՞ն որևէ ռազմավարություն այս հարցը լուծելու։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ համաձայնելով, որ բարելավելու տեղեր կան, և պետք է նոր տերմինալ կառուցվի։
«Նոր տերմինալի կառուցման շուրջ, այո, էս պահին կան բանակցություններ, դրանք բավականին բարդ են, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով հարաբերությունները շարունակելը, մենք կարծում ենք, որ անհնարին է, որովհետև կան պարամետրեր, որոնք ՀՀ համար անընդունելի են, և, մասնավորապես, դա IRR-ի ցուցիչն է, որը սահմանված է 20 տոկոս էսօրվա պայմանագրով, որը, մեր կարծիքով, շատ բարձր է»,- ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ նոր տերմինալի նախագիծը և էսքիզը կան, բայց պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են։
Ներդրման չափը, ըստ Գրիգորյանի, այս պահին 450 մլն եվրոյի չափով է:
Մանրամասն՝ տեսանյութում