Շտապօգնության ծառայությունը 8 մեքենայի կարիք ունի, դիմել են նախարարությանը` չեն տվել

Շտապօգնության ծառայությունը 8 մեքենայի կարիք ունի, դիմել են նախարարությանը` չեն տվել

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի շտապօգնության ծառայությունն այս պահին ավտոպարկի խնդիր ունի` նոր մեքենաների կարիք ունեն:

Հիշեցրինք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլորովին վերջերս է նոր Toyota Hiace մակնիշի շտապօգնության մեքենաներ ձեռք բերել Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, որոնք հենց Երևանին են սպասարկում, բայց պարոն Կարապետյանն ասաց, որ իրենք, այդքանով հանդերձ, այս պահին ևս ութ մեքենայի կարիք ունեն:

Ու չնայած քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ ինքը նորմալ աշխատում է առողջապահության նախարարության հետ և ինքն էլ «շատ ջերմ, բարեկամական» հարաբերություններ ունի թե´ նախարարության, թե´ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, բայց խոստովանեց, որ ինքը դիմել է նախարարությանը, որ իրենց ութ նոր մեքենա տրամադրեն, սակայն նախարարությունը մերժել է: 

«Երևան քաղաքը բնակչության թվով մեծացել է, մոտ 15-20 տոկոսով աճել է կանչերի թիվը, և էդ կանչերը սպասարկելու համար պետք են մեքենաներ և բրիգադներ: Հիմա մենք մոտավորապես ութ մեքենայի դեգիցիտ ունենք: Մենք դիմել ենք առողջապահության նախարարությանը` խնդրանքով, որ մեզ մեքենաներ տրամադրեն, բայց մեզ տրամադրել են այն մեքենաները, որոնք մենք հետ էինք հանձնել իրենց՝ ասելով, որ նոր մեքենա չկա կամ փաստաթղթային խնդիր ունենք»,- ասաց Դավիթ Կարապետյանը` նշելով, որ հիմա իրենք` «Շտապօգնության ծառայություն» ՓԲԸ-ն մրցույթ է հայտարարել, որ այդ ութ մեքենան իր միջոցների հաշվին ձեռք բերի:

Ի դեպ, Կարապետյանը խոստովանեց, որ իրենք թեև մրցույթ են հայտարարել, բայց ցանկանում են, որ նորից Toyota Hiace մակնիշի մեքենաներ ձեռք բերեն, որ ավտոպարկում բոլորը միանման մեքենաներ լինեն: Ստացվում է` մրցույթի մեջ մեքենաների տեխբնութագիրն այնպես են կազմելու, որ Toyota-ն հաղթի: Դավիթ Կարապետյանը, սակայն, դժվարացավ բացատրել, թե ինչպե՞ս են կազմակերպելու այդ մրցույթը, որ հավասար պայմաններով անցկացվի, և այլ ընկերություններ էլ կարողանան մասնակցել միայն Toyota-ի «հագով» կարված մրցույթին:

Վահե Մակարյան