«Լուսամուտը դրիմ»․ «Վստրեչի մոստն» այս սկզբունքո՞վ են վերանորոգում
Արդեն հայտնել ենք, որ մարտի 6-ից սկսվել են Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 22:00-ից 06:00-ն ուղետարը փակ է լինելու:
MediaHub.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ աշխատանք է տարվել նշված տարածքում մեկ շաբաթվա ընթացքում։ Նշենք, որ մոտ մեկ-երկու մետր տարածքում ընդամենը քերման աշխատանք է իրականացվել։
«Ու սա էլ աշխատել են համարո՞ւմ։ Իմիտացիա են ստեղծում, թե գործ են անում, բայց փող են ստանում ընդամենը։ Կրիայի արագություն են ցուցաբերում», - մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են՝ մինչև հիմնական գործընթացին անցնելը մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվում, որպեսզի վերափոխման աշխատանքներն ավելի գրագետ արվեն։ Դեֆորմացիոն կարերը պիտի շինարարական առումով ճիշտ հաշվարկվեն, որ ավելի հարթ լինեն անցումները։
«Մաքսիմալ արագացվելու են աշխատանքները։ Մասնագիտական փորձաքննություն է իրականացվում»,- մեզ հետ զրույցում ասացին քաղաքապետարանից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարե Գնունի