Իշխանությունն ուզում է խլե՞լ «Գնթունիքը», Ի՞նչ են փնտրել իրավապահները Վարդազարյանի տանը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած փոփոխության կիրառումը, որով 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են գումար վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, չծառայել կամ քիչ ծառայել ու զինգրքույկ ստանալ, այնքան էլ հարթ չի ընթանում։
Պարզվում է՝ բանկերն իրենց կանոնակարգի համաձայն, մեծ գումարներ՝ 15 մլն դրամ Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին փոխանցելու համար այդ գումարի օրինականության հիմքերն են պահանջում: Սա բանկերում ընդունված պրակտիկա է` ուղղված փողերի լվացման գործընթացը կանխելուն։
Սակայն այս պահանջը որոշ խնդիրներ է առաջացրել արտերկրում ապրող մեր հայրենակիցների շրջանում, որոնք մտադիր են վերադառնալ Հայաստան, 15 մլն դրամ վճարել բյուջե ու զինգրքույկ ստանալ։ Նրանք ասում են, որ տարիներ շարունակ արտերկրում աշխատել են ոչ միայն օրինական գումարներ, այլեւ անօրինական, եւ երբեմն չեն կարող այդ գումարների օրինականության հիմքերը ներկայացնել։
Երեկ փոփոխության հեղինակին փոխանցեցինք այս խնդիրը։ Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ բանկերում խնդիր չի առաջանա, եթե քաղաքացիները բանավոր հայտնեն, որ այդ գումարներն աշխատանքի արդյունքում են վաստակել: Նշեց նաեւ, որ կան բանկեր, որտեղ 15 մլն-ի համար նման պահանջ չեն ներկայացնում, ուստի կարող են մեր քաղաքացիները փոխանցումն իրականացնել այդ բանկերով։ Իսկ թե քանի մարդ է օգտվել այս օրենքից, խոստացավ առաջիկայում վիճակագրությունը ներկայացնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե Հակակոռուպցիոն կոմիտեն, որ երեկ խուզարկության էր մտել ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանի տուն, ինչ է փնտրել։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները փնտրել են Ռուբեն Վարդազարյանի կողմից 2 տարի առաջ հրապարակված՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած աղմկահարույց զրույցի ձայնագրության ամբողջական տարբերակը, որտեղ ուշագրավ հատվածներ կան, սակայն մինչ օրս չեն հրապարակվել:
Ինչու՞ են հիմա հիշել իրավապահները ձայնագրության ամբողջական տարբերակի մասին, հատկապես երբ Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով այդ գործը կարճվել էր, ու միայն Վարդազարյանի համառության շնորհիվ է գործը վերաբացվել: Մինչ այդ փաստացի անգործունակ եղած Հակակոռուպցիոն կոմիտեն նոր թիրախներ է փնտրում:
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից:
Աղմկահարույց զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Ջհանգիրյանը նույն օրը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել էր, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալուն տրամադրելու համար։
Ավելին՝ վերջինս հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության, եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը:
ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել:
Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։
Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։
Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է, եւ, փաստորեն, առաջին գործը ձայնագրության ամբողջական տարբերակը փնտրելն է, իսկ անթույլատրելի պարտադրանքը պետական պաշտոնյային՝ ԲԴԽ նախագահ Վարդազարյանին, չի քննվել ու չի քննվում ցայսօր»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ինչպես Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի դեպքում Հայաստանին սպասվող վտանգներն ու արտոնությունները, այնպես էլ պետության անվտանգային այլ հարցեր։
Հանդիպման սկզբում ֆինանսների փոխնախարարներից մեկը ծավալուն հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության վերաբերյալ, եւ գնահատել, թե ՌԴ-ից ԵՄ-ի գիրկն անցնելու արդյունքում ինչ տնտեսական ռիսկեր են մեզ սպառնում, այսինքն՝ արտաքին քաղաքականությունը «դիվերսիֆիկացնելն» ինչ հետեւանքների կհանգեցնի։ Գրիգորյանն ընդունել է, որ ՀՀ-ն պորտալարով կապված է ՌԴ-ի հետ, եւ իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջեւ, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Այն հարցերին, թե Արեւմուտքը պատրա՞ստ է «դիվերսիֆիկացնել» մեր խնդիրները, Գրիգորյանն ասել է, որ նման պատրաստակամություն չեն հայտնել։
Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽՔ-ը ոչ միայն կողմ չէ Հայաստանի՝ ԵՄ հայտին, այլև ճիշտ հակառակը՝ արևմտամետ պաշտոնյան դեմ է և ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ։
Ասել է նաեւ, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում, սակայն պնդել է, որ ՌԴ-ի դեմ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տալիս են իրենց արդյունքը: Օրինակ, նախօրեին Լավրովը հեռախոսազանգ է արել Արարատ Միրզոյանին` «քննարկել են տարածաշրջանային հարցեր»։
Եվ դա սկսվել է իր` Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ասաց` «Զվարթնոցից» պետք է հեռացնել ռուս սահմանապահներին: Սակայն նշել է, որ Հայաստանն այս հարցում վճռական է տրամադրված եւ ՌԴ-ին տեղյակ է պահել պաշտոնական նամակով»:
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանյան քաղաքական պլատֆորմում նոր համագործակցություններ են սպասվում դաշինքների ֆորմատով:
Այսպիսով, ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ պատրաստվում է իր սեփական կուսակցությունը հիմնել, որպեսզի մասնակցի ԱԺ հերթական կամ, ըստ զարգացումների, նաեւ արտահերթ ընտրություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Մարությանին է պատրաստվում միանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Այսինքն՝ նոր ընտրությունների դեպքում Հայկ Մարությանի եւ Մեսրոպ Առաքելյանի թիմերը մտադիր են հանդես գալ միասնաբար՝ որպես դաշինք:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Մեսրոպ Առաքելյանից. վերջինս ասաց, որ Հայկ Մարությանի հետ լավ հարաբերություններ ունի, բայց քաղաքական համագործակցության հարց նրա հետ չի քննարկել:
Հարցին՝ բացառում է արդյոք համագործակցությունը Մարությանի հետ, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ որեւէ ուժի հետ համագործակցության մասով քննարկում չի եղել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Չնայած Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ «Գնթունիքի» սեփականատերը, ըստ լուրերի, ջերմ հարաբերություններ է հաստատել իշխանության, մասնավորապես մարզի ՔՊ-ականների հետ եւ այցերի ժամանակ էլ ջերմ ընդունելություն է կազմակերպում Փաշինյանի համար, սակայն իշխանությունը չի մոռանում նրա ընդդիմադիր եւ նախկին լինելը: Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի անվան տակ ուզում է նրանից խլել մի շարք գույքեր, այդ թվում՝ կայացած «Գնթունիքի» բիզնեսը։
Եղիազարյանի եւ նրա կնոջ նկատմամբ վարույթ կա, որի շրջանակներում ուզում են բռնագանձել «Գնթունիքի» 100 տոկոս բաժնեմասը, նաեւ մի շարք անշարժ եւ շարժական գույք։
Եղիազարյանի նկատմամբ նաեւ քրեական գործ կա` ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեղադրանքով: Վերջին ամիսներին նաեւ ստուգումներ են անում համայնքապետի ընտանիքին պատկանող բիզնեսներում եւ տուգանում»: