Ադրբեջանը «էկո-անցակետ» է տեղադրե՞լ. Արցախի նախագահի խորհրդականը պարզաբանում է

Ադրբեջանը «էկո-անցակետ» է տեղադրե՞լ. Արցախի նախագահի խորհրդականը պարզաբանում է

Տելեգրամյան ալիքներն այսօր գրել են, թե ադրբեջանցիները Արցախում «էկո-անցակետ» են տեղադրել, որը ստուգելու է միայն բեռնատարները՝ վերահսկելու համար օգտակար հանածոների տեղափոխումը

MediaHub.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արցախի նախագահի խորհրդական Վահան Բադասյանից: Վերջինս նշեց, որ նման տեղեկություն չունի, բայց եթե անգամ կա նման բան, ապա տրամաբանությունը չի հասկանում։

«Ճանապարհը փակ է, ինչ ուզում են, թող դնեն, ի՞նչ կփոխեն դրանով: Ի՞նչ կարող են ստուգել, եթե ոչ մի մեքենա չի անցնում։ Ամեն դեպքում, առաջին անգամ եմ նման բան լսում։ Իրականում, ադրբեջանցիների գործողության մեջ որևէ տրամաբանություն չկա, մի տրամաբանություն եմ ես տեսնում միայն, որպեսզի մեզ այստեղից քշեն»,- ասաց նա։ 
Խոսելով 9 օր շարունակ Լաչինի միջանցքը փակ լինելու և հետագա քայլերի մասին՝ Բադասյանն ընդգծեց, որ ռուսական կողմը պետք է գործուն քայլերի անցի։

«Որևէ նորություն դեռ չկա, միջազգային հանրությունը շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում, ռուսական կողմն էլ այլ շահ ունի այստեղ. իրենք ուզում են այստեղ մնալ, իսկ որպեսզի մնան, պետք է այստեղ կոնֆլիկտ լինի: Որպեսզի կոնֆլիկտ լինի, պետք է մենք անպայման այստեղ լինենք, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունն այն է, որ մեզ այստեղից քշեն և նրանք ամեն ինչ կանեն, որ իրենց գործընկեր Ռուսաստանին չնեղաղցնեն»,-ասաց նա։ 

Բադասյանի խոսքով՝ Արևմուտքը և Եվրոպան ցանկանում են, որ ռուսական կողմն այդ տարածքներից հեռանա։ 

«Ուզում են, որ այդ տարածքով գազը տանեն Սյունիքով, Նախիջևանով դեպի Թուրքիա և Եվրոպա, իսկ իրենց համար ազգերի ինքնորոշման իրավունքները երրորդական են։ Իրենց նպատակն այն է, որ այս տարածաշրջանում խաղաղ լինի, իսկ եթե խաղաղ լինի, պետք է հայեր չլինեն»,-ընդգծեց նա։ 

ԱՀ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ ռուս խաղաղապահները կարող են իրավիճակը հարթել, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն նրանք այդ տարածքի պատասխանատուն են։ 

«Միջանցքի պատասխանատուն նրանք են, բայց չեն ուզում իրենց գործընկերներին նեղացնեն»,-ամփոփեց Բադասյանը։

Լիաննա Թորոսյան