Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող ռուսաստանաբնակների թվի էական ավելացումը. մանրամասներ

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող ռուսաստանաբնակների թվի էական ավելացումը. մանրամասներ

Հատկապես վերջին շրջանում կտրուկ ավելացել է ռուսաստանաբնակ հայերի քանակը, որոնք ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ստանալ:

Նշված հարցի առնչությամբ MediaHub.am-ը կապ հաստատեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ, որտեղից հայտնեցին, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պատճառները տարբեր են, հիմնականում դրանք կապված են ՌԴ-ի հանդեպ կիրառվող տարբեր պատժամիջոցների, տնտեսական և այլ սանկցիաների հետ, որոնք, որոշ առումներով բարդացնում են բնակիչների կյանքը․

«ՌԴ-ի տարածքից դեպի ՀՀ նկատվող ակտիվությունը մեծապես կապ ունի ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մի շարք երկրների կողմից ՌԴ-ի հանդեպ կիրառվող տարբեր պատժամիջոցների հետ։
Տարբեր միջազգային կազմակերպություններում միջազգային ԱյԹի ընկերություններում աշխատող մեր հայրենակիցները՝ պայմանավորված այդ պատժամիջոցներով, որոշում են կայացրել տեղափոխվել ՀՀ, իրենց աշխատանքը շարունակել ՀՀ-ում»։

Ինչպես հայտնում են Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակից, տարեսկզբից եղել է շուրջ 3500 հարցում և՛ հեռախոսազանգերի և՛ էլեկտրոնային նամակների և՛ գրասենյակ այցերով այն սփյուռքահայերից, որոնք հետաքրքրված են ՀՀ-ի քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու հարցով։

«Դիմումների հիմնական մասը եղել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը, ինչպես արդեն հայտնել էինք, մեծամասամբ կապված է ռուս-ուկրաինական իրադարձությունների հետ։

«Նշենք, որ դիմումներ ունենք նաև ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Ավստրալիայից։ Նմանատիպ դիմումները եղել են մշտապես, սակայն դրանք ակտիվացել են հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո և վերը նշված 3500 հարցման զգալի մասը եղել է հենց ՌԴ-ից»,- հայտնեցին գրասենյակի լրատվական բաժնից։

Մանրամասնելով՝ պետք է նշենք, որ ՌԴ-ի ընդհանուր տնտեսական իրավիճակն ու այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները մասնավորապես՝ Եվրոպա մեկնելը, արևմտյան երկրների հետ աշխատելը ՌԴ քաղաքացիների համար բավականին դժվարացել է, և նրանք այդ դժվարությունները շրջանցելու ուղիներ են փնտրում:

Մերի Գևորգյան