Անձրեւները պատուհաս են դարձել, Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել․ Մամուլը՝ սուրճով

Անձրեւները պատուհաս են դարձել, Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջին տարիներին ամենահասարակ անձրեւն անգամ վերածվում է արտակարգ իրավիճակի ոչ միայն Երեւանում, այլեւ Թբիլիսիում, Բաքվում, Կրասնոդարում, եւ հետխորհրդային տարածքի բազմաթիվ այլ խոշոր քաղաքներում։ Խելահեղ հեղեղումներ, խցանված փողոցներ, վթարված տրանսպորտային համակարգ եւ ջրի տակ անցած տներ։ Եթե տարիներ առաջ նման պատկերներ ունենալու հավանականության մասին խոսում էին զուտ մասնագետները, ապա այսօր դրանք դարձել են գրեթե սովորական երեւույթ ու տեսանելի են բոլորի համար:

Ողբերգականին մոտեցող իրավիճակի հիմնական պատճառը, 1990-ականներից սկսած, անկանոն քաղաքաշինությունն է, ուրբանիզացիայի ահագնացող տեմպերը։

Հետխորհրդային շրջանում սկսված ազատ շինարարությունը հաճախ արվել է առանց պլանավորման եւ ենթակառուցվածքների հետ համապատասխանեցման։ Գրեթե ամենուր բնակչությունը սկսում է կենտրոնանալ մայրաքաղաքներում (խոշոր քաղաքներում)՝ դարձնելով այդ քաղաքները խիստ անհարմարավետ կյանքի համար անկանոն շինարարություններ, բարձրահարկերով սնկի պես աճող թաղամասեր, մեքենաների թվի աննորմալ աճ եւ այլն: Քաղաքները աճեցին, բայց գետնատար ու ջրահեռացման համակարգերը մնացին նույնը՝ կառուցված դեռեւս խորհրդային շրջանում, որոնք նախատեսված չեն նման մասշտաբների ջրահեռացման համար:

Փորձագետները փաստում են, որ առանց համապարփակ ծրագրավորման ու կոմունալ համակարգերում երկարաժամկետ ներդրումների՝ քաղաքները՝ ի մասնավորի Երեւանը, շարունակելու են խեղդվել բառի ամենաբնութագրական իմաստով։ Իսկ ներդրումների համար պետք կլինեն միլիարդներ, խոսքը կարող է լինել նույնիսկ կառուցապատված որոշ տարածքների քանդման մասին, ինչի տակ դժվար թե մտնի որեւէ իշխանություն: Քաղաքաշինական ոլորտի գիտակ մեր աղբյուրներից մեկը նշեց, որ եթե Երեւան քաղաքի գերբեռնվածությունը չթոթափվի, ապա արտակարգ ցանկացած իրավիճակ աղետալի է լինելու: Իսկ ինչպես բեռնաթափել Երեւանը գոնե մեքենաներից` արդեն քաղաքական որոշման ու միջազգային փորձի ուսումնասիրության հարց է»։


«Հրապարակը» գրում է․

Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։ Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ՔՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որեւէ ղեկավարի մասնակցությունն անհետեւանք չի մնա։ Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ իրենց մասնակցությունը չեղարկեցին Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերը: Կայա Կալլասի եւ Զելենսկու սպառնալիքները, ըստ էության, արդյունք են տվել։ Սակայն Փաշինյանը հակված է մեկնել, եթե ֆորս-մաժոր չլինի:

ԱԺ ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի նրա հետ, քանի որ ՌԴ-ն մերժում է շատ ՔՊ-ականների, որոշ սորոսականներ անգամ պերսոնա նոն գրատա են հռչակված՝ նրանց մուտքը Մոսկվա արգելված է։ Ինչ վերաբերում է շքերթին հայկական զորամիավորում ուղարկելու ՌԴ առաջարկին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, զորամիավորում չի մեկնի։


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ի տարբերություն մի շարք ոլորտների, Հայաստանում շարունակում է կայուն աճ արձանագրել շինարարության ծավալը: Ի մասնավորի, 2025 թ. տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 13,6 տոկոս: Եթե դիտարկենք ըստ ամիսների, ապա աճն ավելի ակնհայտ է եղել. մարտին՝ փետրվարի համեմատ, 31,9 տոկոս, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15,5 տոկոս, փետրվարին՝ հունվարի համեմատ, 36,8 տոկոս:

Բնականաբար, շինարարության հետ փոխկապակցված են նաև շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով զբաղվող ընկերությունների ցուցանիշները: 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ զուտ այս ոլորտի գծով առաջատարը «Դոմուսն» է:
Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ դաշտի խոշոր «խաղացողները» միայն շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով չեն զբաղվում, այլ նաև կահույքի, կենցաղային տեխնիկայի և այլնի: Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցանկում միանգամից հինգ ընկերություն լավագույն հարյուրյակում է: Խոսքը «Դոմուս», «Բարսիս», «Փրիթի ուեյ» («Վեստա»), «Վեգա», «ՎիԷլՎի սենթր» ընկերությունների մասին է: Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր փաստ. եթե փոխկապակցված ընկերությունների վճարած հանրագումարը նկատի ունենանք, ապա ոլորտի առաջատարն այս դեպքում ևս «Դոմուսն» է»։