Փոխքաղաքապետին խուզարկում են Հակակոռուպցիոնի քրգործի շրջանակում

Փոխքաղաքապետին խուզարկում են  Հակակոռուպցիոնի քրգործի շրջանակում

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի հիմքով են խուզարկություն իրականացնում, որը կապված է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքների հետ․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ մեկնաբանելով փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ իրավապահների կողմից այսօր իրականացված խուզարկության մասին տեղեկությունը։

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակը ԱԱԾ-ն խուզարկում է առողջապահության փոխնախարար եղած ժամանակ նրա կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքների համար։ 

Խուզարկության հիմք է հանդիսացել նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործը՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ։ Հիշեցնենք, որ քրգործ հարուցվեց ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումների ու Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքների հիման վրա։

2022թ․-ի մայիսին, երբ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում հանդես եկավ կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի հաշվետվությամբ, պարզվեց, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով եւ այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի շրջանակում 606 մլն դրամի գնումներ է կատարել ընկերությունից, որը պատկանում է առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին: 

Լիա Սարգսյան