Պուտինն Արաբական լիգայի ղեկավարներին հրավիրել է ռուս-արաբական գագաթնաժողովի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Արաբական պետությունների լիգայի ղեկավարներին և գլխավոր քարտուղարին մասնակցելու ռուս-արաբական առաջին գագաթնաժողովին, որը Ռուսաստանը նախատեսում է անցկացնել հոկտեմբերի 15-ին։
Համապատասխան հեռագիր է հրապարակվել Կրեմլի կայքում։
«Հարգելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, սրտանց ողջունում եմ ձեզ Արաբական պետությունների լիգայի հաջորդ՝ 34-րդ գագաթնաժողովի բացման կապակցությամբ... Մենք մտադիր ենք ամեն կերպ շարունակել կառուցողական երկխոսությունը ԱՊԼ-ի հետ, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ նրա բոլոր անդամների հետ»,- ասված է հեռագրում։
Պուտինը վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկրների միջև փոխշահավետ բազմակողմ համագործակցության հետագա ամրապնդմանը և կօգնի ուղիներ գտնել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու համար։