Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան կարող են փորձել սաբոտաժի ենթարկել Թեհրանի և Վաշինգտոնի բանակցային գործընթացը

Tehran Times. Եվրոպան ցանկանում է սաբոտաժի ենթարկել ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները
Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիան կարող են փորձել սաբոտաժի ենթարկել Թեհրանի և Վաշինգտոնի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը, քանի որ կարծում են, որ իրենք պետք է մասնակցեն դրան, գրել է իրանական «Tehran Times» թերթը։
Ըստ թերթի՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կարծում են, որ իրենք պետք է ներգրավված լինեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներում, քանի որ նրանք միակն են, ովքեր կարող են օգտագործել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (JCPOA / ՀԳՀԾ) նախատեսված snapback մեխանիզմը:
Ինչպես նշել է Tehran Times-ը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ Վաշինգտոնին խնդրել է թույլ չտալ եվրոպացիներին ակտիվացնել այս ընթացակարգը։
Ըստ թերթի՝ «Եվրոպական եռյակը» ծրագրում է քարոզչական արշավ սկսել Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տարաձայնություններ սերմանելու համար՝ համարելով, որ դա կբարդացնի Թեհրանի և Վաշինգտոնի միջև գործարքի կնքման գործընթացը։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված արտահերթ ընթացակարգը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցների վերականգնում Թեհրանի դեմ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ, որոնք հանվել էին 2015 թվականին ընդունված ՀԳՀԾ-ի պայմաններով։
Ապրիլի 12-ին Օմանում բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։