Թամանյան դիվիզիայի մարտիկների հաղթական պարը՝ Բեռլինի Ռայխսթագում
Շուտով մայիսի 9-ինն է։ Լենորա Ավետիսյանը փորփրում է ընտանեկան արխիվը, հպարտությամբ պատմում հոր՝ Խորհրդային միության եռակի շքանշանակիր 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի ռազմիկ՝ Մանուչար Ավետիսյանի մասին։
Մանուչարն առաջիններից մեկն է կամավորագրվել ու ընկերների հետ Արցախից եկել Հայաստան։
Ուսումնավարժական պարապմունքները Վաղարշապատում անցնելուց հետո՝ մեկնել է ֆրոնտ։
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը Թամանյան դիվիզիայի մարտիկները նշել են Ռայխսթագի պատերի տակ քոչարի ազգային պարով։
Ընտանեկան արխիվում պահպանվել է Երևանի Հաղթանակի զբոսայգում Թամանյան դիվիզիայի մարտիկների հանդիպումից արված մի քանի լուսանկար՝ հրամանատար Նվեր Սաֆարյանի հետ։ Այն ժամանակ մի առանձնահատուկ հարգանք կար Մեծ հայրենական պատերազմի վետերանների հանդեպ։ Հիշում է, որ Բեռլինում Ռայխսթագի պատին Խորհրդային միության դրոշը բարձրացրել է Թամանյանական Արմեն Սաֆարյանը, սակայն կեղծել են, նրա անվան փոխարեն՝ Իվան Իվանովի անունն է մտել պատմության մեջ։
Պապի օրինակով, արցախյան բոլոր պատերազմներին մասնակցել են Մանուչարի շառավիղները։ 44-օրյային անմահացել է նաև Լենորայի որդին՝ Լևոն Մինասյանը։
Հայրենական մեծ պատերազմը միայն հայրենիքի ազատության պատերազմ չէր, այլ պայքար էր ֆաշիզմի դեմ, որին Խորհրդային միության բազմազգ երկրների շարքում անուրանալի ավանդ ունեցան նաև հայերը։