Չկառավարվող գնաճային ճնշումներ. սպառողական զամբյուղը գնալով թանկանում է. «Փաստ»

 Չկառավարվող գնաճային ճնշումներ. սպառողական զամբյուղը գնալով թանկանում է. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանում գնաճը որևէ կերպ չի զիջում իր դիրքերը: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական շուկայի վերաբերյալ մարտ ամսվա տվյալները, որտեղ գրեթե բոլոր ուղղություններով կրկին գնաճ կա: Սպառողական շուկայում մարտին 2021 թ. մարտի համեմատ 7,4 % գնաճ է արձանագրվել, 1,8 տոկոսով էլ աճ է գրանցվել 2022-ի փետրվարի համեմատ: Միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում նախորդ տարվա մարտի համեմատ 12,8 % գնաճ է արձանագրվել:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները պաշտոնական տվյալներով ավելի քան 13 %-ով են աճել, ձկնամթերքի շուկայում 30 տոկոս գնաճ կա, բանջարեղենը թանկացել է ավելի քան 40 տոկոսով: 2022 թ. մարտին 2021 թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 10,7 %, յուղերի շուկայում՝ 7,8 տոկոս գնաճ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022 թ. մարտին 2021թ. մարտի համեմատ սակագներն աճել են 3,3 %-ով: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, այստեղ դեր է խաղացել հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի աճը:

Դժվար չէ ենթադրել, թե ինչ պատկեր կունենանք արդեն ապրիլի վերջին՝ հաշվի առնելով ապրիլի 1-ից նաև գազի սակագնի բարձրացումը, որի թողած ազդեցություններին դեռ առիթ կունենանք անդրադառնալ: Ինչևէ: Անգամ պաշտոնական տվյալներով արձանագրված գնաճի պայմաններում Հայաստանում պատասխանատուները հայտարարում են, որ պնդումները, թե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում: Ավելին՝ պնդում են, որ, օրինակ՝ կարագի ու ձեթի գներն իջել են, թեպետ, եթե հիմք ընդունենք ոչ թե մարտ, այլ ապրիլ ամիսը, ապա մասնավորապես երեկ մի քանի խանութներում արված մեր փոքրիկ դիտարկումներն առնվազն անփոփոխ գների մասին էին վկայում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով, այո, այս պահի դրությամբ գրեթե ամբողջ աշխարհում գնաճային ճնշումներ կան: «Դա միակ ճիշտ բանն է, որ ասել են պատասխանատուները: Բայց գնաճի կտրվածքով որակական տարբերություններ կան: Քաղաքակիրթ ու զարգացած երկրներում գնաճը պայմանավորված է բազմաթիվ գործոններով. օրինակ՝ Արևմուտք- Ռուսաստան ընդհարումներով, տարբեր տեսակի պատժամիջոցներով և այլն: Այդքանով հանդերձ՝ բոլոր այն պետություններում, որտեղ գնաճային հատկապես մեծ տատանումներ են գրանցվել, իշխանություններն ու կառավարությունները հստակ քայլեր են իրականացնում: Այդ քայլերի շնորհիվ փորձում են այնպես անել, որ գնային նման ճնշումները բնակչության վրա մեծապես չերևան: Ամբողջովին այլ են գնաճային ճնշումները Հայաստանում: Կարճ ասած՝ մեզ մոտ գնաճային ճնշումները չկառավարվող են, ինչի պայմաններում քաղաքացին մեն-մենակ հայտնվում է թանկացած՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների առջև, որոնք, ամեն դեպքում, ստիպված է ձեռք բերել: Խոսքը հատկապես պարենային ապրանքների մասին է»,-ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ միջազգային շուկաներում գոյություն ունեցող գնաճային տատանումներրը երբևէ չեն կարող համեմատական օրինակ լինել Հայաստանի Հանրապետության համար: «Եվ այս առումով ամբողջ խնդիրն այն է, որ մեր պետական ինստիտուտները չեն կարողանում իրականացնել այն բոլոր հնարավոր քայլերը, որոնց պարագայում բնակչության վրա բացասական ազդեցությունը կփոքրանար: Պետական ինստիտուտների մեջ հարաբերականորեն արդյունավետ աշխատողը Կենտրոնական բանկն է, բայց, ցավոք, ԿԲ-ի ձեռքի տակ գոյություն ունի մի գործիք, որը, խոշոր հաշվով, որոշակի արհեստականություն է կրում: Խոսքը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու մասին է, որը չի կարող, մեծ հաշվով, զսպել շուկան: Դա հնարավոր է միայն արտադրությամբ, տնտեսական քաղաքականությամբ: ԿԲ-ին վերապահված է ֆինանսական շուկայում կայունության ապահովումը, նաև գների կայունության ապահովումը: Իր տրամադրության տակ եղած գործիքների առումով ԿԲ-ն առավելագույնն է անում, բայց սահման կա, որից հետո արդեն այդ գործիքն էլ կդադարի աշխատել: Ցավոք, մեր ռիսկային դաշտի պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելը լավագույն գործիքն է մնում, մինչդեռ այն բարձրացնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները դադարում են գործել: Եթե պատկերավոր ասեմ՝ թանկ փողերի պայմաններում, այն էլ՝ ՀՀ-ում, գործունեություն ծավալելը «ջրի վրա գրված» բան է»,-ասաց մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ թեպետ պաշտոնյաները փորձում են այլ կերպ ներկայացնել իրավիճակը, բայց իրականում նման գնաճի պայմաններում սպառողական զամբյուղը գնալով թանկանում է. «Բացի այդ, նվազում են եկամուտները: Այդ եկամուտների մեջ ներառենք նաև գրեթե 4 միլիարդի չափով արտաքին աշխարհից եկող գումարները, որոնք հիմա ևս նվազելու են: Մեր քաղաքացիներն այլևս չեն ունենա այն գնողունակությունը, որն ունեին դրսից ստացվող գումարների հաշվին: Ունենք եկամուտների պակաս ու գների աճ, իսկ գնաճը չի կառավարվում: Չեն երևում մոտեցումներ, որոնք զսպաշապիկ պետք է լինեին: Նման պարագայում պետք է ենթադրել, որ այս գործընթացը, ցավոք, շարունակական է լինելու՝ իր բոլոր հետևանքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։