Բացառվում է, որ այս սցենարով ես որևէ ընտրության, կոալիցիայի կամ նույնիսկ քննարկման մասնակցեմ․ Սամվել Բաբայան

Բացառվում է, որ այս սցենարով ես որևէ ընտրության, կոալիցիայի կամ նույնիսկ քննարկման մասնակցեմ․ Սամվել Բաբայան

Հայկական մամուլը օդից վերցված տեղեկություններ է տարածում, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ Ես Երևանում եմ, ինչպես Ձեզ հետ նախորդ զրույցում էի ասել, Արցախ չեմ գնացել, որևէ պաշտոն ստանձնելու նպատակ չեմ ունեցել, առաջարկ ու քննարկում էլ չի եղել։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով մամուլում տարածվող լուրերը, թե վերջինս առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետևանքներով։ 

Կա վարկած, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձևավորել։ Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Բաբայանի խոսքով՝ սա պարզապես օրենքի լրացում է։

«Սահմանադրության փոփոխման մասին հարց չկա»,-ասաց նա։ 

Հարցին, թե արդյո՞ք իրատեսական է, որ այս փուլում Կառավարությունը լուծարվի, վերջինս պատասխանեց՝ հաշվի առնելով այն ներքաղաքական ինտրիգները, որ առկա են հիմա Արցախում, լրիվ իրատեսական է։ Ճշտող հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է Բաբայանը նոր Կառավարության մաս  կազմի, օրինակ, եթե իր խմբակցությունն ու Արայիկ Հարությունյանի խմբակցությունը կոալիցիա կազմեն ու միասին թեկնածու առաջադրեն,  վերջինս պատասխանեց․ 

«Արցախում անհնար է այսօր կոալիցիա կազմել։ Կրկնում եմ՝ ոչ ոք ինձ հետ նման քննարկում չի ունեցել և ես էլ այս իրավիճակում Կառավարության մաս կազմելու ցանկություն չունեմ։ Փաստ է, որ Արցախում, ըստ Սահմանադրության, «սուպերնախագահություն է», ամբողջ լիազորութույունները նախագահինն է, մյուսներն իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում, բալանսավորված ոչինչ չկա։ Սահմանադրությամբ՝ լիազորությունների բաշխում կլինի, կմտածեմ այդ ուղղությամբ, եթե այս փոփոխությունը չի լինում, ինչ տարբերություն, թե ով ինչ պաշտոն ունի։ Բացառվում է, որ այս սցենարով ես որևէ ընտրության, կոալիցիայի կամ նույնիսկ քննարկման մասնակցեմ, անհնար է՝ ոչ մի լիազորություն չունենալով պատասխանատվություն կրել»,-ընդգծեց Բաբայանը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է վերջին շրջանում մամուլում «ակտիվացել» Բաբայանի անունը, վերջինս արձագանքեց․ 

«Հայից այս քայլերը չէի սպասի։ Վախից ելնելով այսքան էժան քայլերի են անցել։ Անբարոյական քայլեր են․ առաջին անգամ արեցին, հերքեցի, հիմա նորից շարունակում են, որը թշնամուն է հարիր։ Քննարկում են, թե որ ճանապարհով եմ Արցախ գնացել, այն դեպքում, երբ ես Արցախում չեմ։ Ասում են՝ ծրագրեր ունեմ Բաքուն ներսից պայթեցնելու, սա միայն թշնամին կասեր, հայը չէր կարող։ Հիմա չգիտեմ՝ էս կենդանիներին ինչ անենք, հանձնե՞նք Բաքվին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ, այդուհանդերձ, Ռուբեն Վարդանյանը լիազորությունների լայն շրջանակ է ստացել պաշտոնը ստանձնելուց հետո, որ չեն ունեցել նախկին պետնախարարները: Այդ թվում և Արայիկ Հարությունյանը, երբ զբաղեցնում էր այդ պաշտոնը:

Մասնավորապես, Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել էր մի շարք հրամանագրեր, որոնցով զբաղեցրած պաշտոններից ազատել էր կառավարության ինը անդամների: Դրանք այն նախարարություններն են, որոնք գտնվում էին ԼՂՀ նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի համակարգման ներքո: Իրենց պաշտոնները պահպանել են միայն ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնք գտնվում են նախագահի ուղիղ ենթակայության ներքո:

Լիաննա Թորոսյան