«Դուք հո Վանգան չէ՞իք, որ իմանայիք՝ ավտոյիս մեջ ինչ կա». BMW-ում ատրճանակ ու թմրամիջոց են հայտնաբերվել (լուսանկար)

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի ՊԾ 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները վերջին օրերին իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքներում հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների, որոնք ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Պարեկների կողմից կատարվել են թմրանյութերի և ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Գրել է Shamshyan.com-ը։
Դեկտեմբերի 13-ին, ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Էդգար Միսակյանն ու կրտսեր պարեկ Կարեն Կարապետյանը Մուսալեռ գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են կայանված BMW մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ավտոմեքենայի մոտ դրսևորել է կասկածելի վարքագիծ, ինչը պարեկների մոտ կասկած է հարուցել և ստուգման նպատակով մոտեցել են նրան։
Արդեն տեղում պարզել են, որ վարորդը, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Ք․-ն է, ով ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նշված ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Արդեն ոստիկանությունում, երբ փորձել են նրան անձնական խուզարկության ենթարկել նա հայտնել է, որ իր մոտ ոչինչ չկա, ինչ կա չկա BMW-ի մեջ է ու ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ և պլաստմասե տարա՝ լցված չորացված և մանրեցված դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով։
Ոստիկանների հարցին, թե որտեղից ատրճանակը և «մարիխուանան» նա պատասխանում է, թե ատրճանակը չի հիշում ոնց, որտեղից, բայց «մարիխունան» քաղել է Մուսալեռ գյուղի հարակից դաշտերից վայրի աճած կանեփի բույսերից և այն պատկանում է իրեն, իր անձնական օգտագործման համար է և առանց խուզարկության էլ իր հոժար կամքով զենքն ու թմրամիջոցը կներկայացնի և այդպես էլ անում է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանությունից դուրս գալուց Նարեկ Ք․-ն պարեկներին ասել է․ «Ախպեր դուք հո Վանգան չէիք, ի՞նչ իմացաք՝ ինչ կա ավտոյիս մեջ, թե՞ տվյալ էիք ստացել»։