Աղմուկ, չարտոնված ելույթներ. ինչու են իրավապահները Նիկոլին հեռացնել սպառնացող ԱԺԲ-ին մատների արանքով նայում

Ինչպես հայտնի է, Ազգային-Ժողովրդավարական բևեռը օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու՝ Փաշինյանի հեռացման, ժամանակավոր անցումային կառավարության ձևավորման և Արցախի փրկության օրակարգով: Հայտնի է, որովհետև տևական ժամանակ է Երևանի փողոցներով շրջում են մեքենաներ, որոնց վրա տեղադրված են մեծ բարձրախոսներ ու բարձր հնչում է իրազեկման տեքստը:
Պարզվեց, սակայն, որ իրազեկման ակցիան տեղ-տեղ վերածվում է լիարժեք հավաքի, ընդ որում այնպիսի վայրերում, որտեղ ուղղակի խաթարում է մարդկանց անդորրը: Այդպես, երեկ, իրազեկում իրականացնող ԱԺԲ ներկայացուցիչները, բառիս բուն իմաստով գրոհել էին Կասկադը, որտեղ ուղիղ երեք ժամ՝ 18.20-ից մինչև 21.30 հավաք էր: Բարձրախոսով մեքենան կայանել էին Կասկադի աստիճանների հարևանությամբ և իրար հերթ չտալով, այսպես կոչված իրազեկողները քաղաքական ելույթներ էին ունենում: Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հիմնավորումները ներկայացնելու արանքում նրանք ներողություն էին խնդրում Կասկադի սրճարաններում այդ ժամին իրենց հանգիստը վայելող (թեև ի՞նչ հանգիստ, երբ ինչ-որ մեկը բարձրախոսով ժամեր շարունակ գոռում է) քաղաքացիներից, մոռանալով, որ դա նաև բնակելի տարածք է և հարակից շենքերի բնակիչները պարտավոր չեն լսել ցանկացածի, ում մտքով անցել է բարձրախոսով ելույթներ ունենալ:
Որևէ ոստիկան, որ այդ տարածքում հերթապահում էր, որևէ կերպ նրանց չփորձեց խոչընդոտել այդ գործընթացում, թեև աղմուկը անասելի էր և MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից: Եվ այն, որ իրավապահները նման անտարբեր վերաբերմունք են դրսևորում Նիկոլ Փաշինյանին հեռացնել սպառնացող ինչ-որ մարդկանց նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ է:
Առավել քան տարօրինակ է, քանի որ, ինչպես պարզեցինք, հավաքը արտոնված չէր:
MediaHub-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության բաժնից փոխանցեցին՝ «իրենց ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել»: Այլ կերպ ասած՝ արտոնված չէր հավաքը:
Հարց է առաջանում՝ ինչու են ոստիկանները ընտրովի հետևում, թե որ հավաքին պետք է միջամտել, արգելել, անգամ մարդկանց բերման ենթարկել, բայց ուղիղ երեք ժամ շարունակ նրանցից ոչ մեկի մտքով չանցավ մի հատ գոնե ճշտել, թե բարձրախոսով ելույթ ունեցողներին որևէ մեկը արտոնե՞լ է բնակելի հատվածում խանգարել քաղաքացիներին: