Պետք է ֆուտբոլասերի խոսքը անցնի, ոչ թե մաֆիան․ սիստեմը հաղթեց․ Եղիշե Մելիքյանը՝ Մելիքբեկյանի ընտրվելու մասին

Մեզ համար անսպասելի չէր այս ընտրությունը, մեր պայքարը դեկտեմբերի 23-ի համար չէր, մեր պայքարը հայկական ֆուտբոլի համար է։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ խոսելով Արմեն Մելիքբեկյանի ՀՖՖ նախագահ ընտրվելու և Արաս Օզբիլիսի պարտության մասին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը․ 23 մասնակցից միայն երեքը ընտրեց Օզբիլիսին։
«Ես գիտեի, որ սիստեմի դեմ պայքարելն անիմաստ է և այդ սիստեմի դեմ պայքարում միայն ֆուտբոլային հանրությունն է հաջողելու։ Միայն «Փյունիկն» ու «Ուրարտուն» չեն, որ պետք է պայքարեն, մեր պայքարը ձայն փոխելու համար չէր, արհեստական սիստեմ է ստեղծվել, որի դեմ պայքարում մեր ուժը չի հերիքում։ Մեր խոսքը պետք է երկրպագուն տա իր պահանջով։ Հանրությունը պետք է թափանցիկորեն հասկանա, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում ու գնահատական տա»,- ասաց Մելիքյանը։
Գլխավոր մարզիչի խոսքով՝ Մելիքբեկյանի ընտրվելն անակնկալ չէր, ու իրենց հետագա քայլերն արդեն Արթուր Սողոմոնյանը կհայտարարի։
Հարցին՝ չդադարող «Փյունիկ»-ՀՖՖ կոնֆլիկտը ե՞րբ է կարգավորվելու, քանի որ ակումբը հավաքականի համար կարևոր դեր ունի, վերջինս պատասխանեց․
«Այստեղ կարևորության մասին խոսք չկա, այստեղ Մելիքբեկյանի անձնական սկզբունքներն են, իրենց աշխատանքը մոնոլոգիա է, որով ցույց են տալիս՝ իրենց հետաքրքիր չէ, թե հայկական ֆուտբոլն ինչ խաղացողներ կկորցնի։ Իրենց անձնական հարցերից այն կողմ ոչինչ չեն տեսնում, վրեժ լուծել, պատժել, բռնապետի ռեժիմով աշխատել»,- նշեց Մելիքյանը։
Դիտարկմանը, որ իր ամփոփիչ ելույթի ժամանակ Մելիքբեկյանն ասաց, որ պատրաստ է աշխատել բոլորի հետ, Եղիշե Մելիքյանն արձագանքեց․
«Միշտ էլ նույնն են ասել, բայց մենք փաստերով հառակն ենք տեսնում, իրենք տակից ինչքան կարողացել են, խանգարել են հենց «Փյունիկին», սրա մասին բոլորը գիտեն։ Ինքը սիրուն ելույթներ է ունենում, բայց խոսում է մի բան ու անում հակառակը, իրենց ոճն է»։
Խոսելով «Փյունիկի» հետագա անելիքների մասին՝ վերջինս ընդգծեց, որ ժամանակը ցույց կտա՝ ակումբը որտեղ կլինի։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս պայքարում հաղթենք։ Ծիծաղելի կլիներ, որ այսօր այլ պատկեր տեսնեինք, բայց շատերը գիտեն՝ ինչ է կատարվում, ու իմանալուց բացի պետք է բոլորով քայլեր անենք։ Մեր ազգն այնքան ուժեղ է, որ իր միասնական խոսքով շատ բան կարող է փոխել, ինչպես 2018 թվականի հեղափոխությունը եղավ։ Մենք նույնն ենք ուզում, որ ժողովրդի, ֆուտբոլասերի խոսքը անցնի, ոչ թե մաֆիան»,- ամփոփեց Մելիքյանը։
Լիաննա Թորոսյան