Կեղծ դիպլոմների սկանդալից՝ քաղաքական ծառայություն մատուցողի. «Հայբուսակ»-ի տխրահռչակ ուղին  

Կեղծ դիպլոմների սկանդալից՝ քաղաքական ծառայություն մատուցողի. «Հայբուսակ»-ի տխրահռչակ ուղին  

«Հայբուսակ» համալսարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում քաղաքական գնահատականներ է հնչեցնում ու բացահայտ փորձում ուղղորդել ուսանողներին՝ չտարվել «կեղծ հայրենասիրության գաղափարներով»:

Որպեսզի բացատրենք սույն կրթօջախի ղեկավարությանը, որն այս պահին փորձում է Նիկոլ Փաշինյանի կառավարության աչքում Հռոմի Պապից էլ կաթոլիկ երևալ, թե ինչու չի կարելի նման գնահատականներով հայտարարություններ տարածել, մենք, օրինակ, կարող էինք գնահատական տալ սույն համալսարանի կողմից տրվող կրթության ու գիտելիքների որակին կամ հիշեցնեինք կեղծ դիպլոմների հետ կապված սկանդալը, որից այդպես էլ չմաքրվեցին: Բայց չենք անի: 

Պարզապես կտեղադրենք «Հայբուսակի» հայտարարությունը, որպեսզի այն մնա պատմության մեջ, ինչպես նույն կեղծ դիպլոմների հետ կապված սկանդալը: 

«Սիրելի ուսանողներ 

Հիշեցնում ենք, որ մոտենում է կիսամյակային և ավարտական քննությունների պատասխանատու ժամանակաշրջանը: 

Վստահեցնում ենք, որ քաղաքական գործընթացները տեղ չունեն կրթական համակարգում: Հորդորում ենք զգոնություն պահպանել , չենթարկվել սադրանքների և չգայթակղվել կեղծ հայրենասիրության գաղափարներով: Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնեմասին տեր լինել համալսարանի լսարաններում»,- ասված է այդ հայտարարության մեջ:

Նաև սիրելի մեր ուսանողներին հիշեցնենք, որ դասադուլին մասնակցելը իրենց իրավունքն է: 

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը ևս հիշեցնում է.

«Սիրելի՛ ուսանողներ,

Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով։ Կարճ տևողության պայմաններում (օրինակ՝ մեկ շաբաթ) այն որևէ կերպ չի կարող ուսանողի համար առաջացնել բացասական հետևանքներ։ 

Մենք հայտարարում ենք, որ անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք բոլոր այն ուսանողներին, որոնց նկատմամբ դասադուլ կամ անհնազանդության այլ խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով կփորձեն կիրառել պատժամիջոցներ։

Միևնույն ժամանակ, փաստում ենք, որ բուհի վարչակազմի ու դասախոսների կողմից դասադուլին մասնակցող ուսանողներին սպառնալը կամ դասադուլը չիրականացնել կամ այն դադարեցնել ստիպելը իրավաչափ չէ, ուստի խորհուրդ ենք տալիս նման դեպքերում կատարել ձայնագրություն։

Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787»։

Լիա Խոջոյան