Մեկ տնտեսվարողի վերաբերյալ հաղորդում է ստացվել դատախազություն․ դեռ քրգործ չի հարուցվել

Մեկ տնտեսվարողի վերաբերյալ հաղորդում է ստացվել դատախազություն․ դեռ քրգործ չի հարուցվել

Դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ հայտնված Արցախում բնակիչները լուրջ սոցիալական խնդիրների առջև են կանգնած։ Եվ այս իրավիճակն ավելի է սրվել որոշ ապրանքների ստվերային մատակարարման և դրանց գների բարձրացման պատճառով։

Ինչպես մամուլն էր ավելի վաղ գրել՝ այս ընթացքում փակ հետաքննություններ ու գործողություններ են կատարվել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի անմիջական համակարգմամբ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ու կանխել ստվերային մատակարարման խոշոր դեպքեր:

Ըստ մամուլի՝ մի քանի օր առաջ Ստեփանակերտում առգրավվել է մասնավոր տնտեսվարողի կողմից ռուս խաղաղապահների միջոցով ստվերային կերպով բերված երկու կամազ ապրանք՝ տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնց փոխարեն պետք է տեղափոխվեին կառավարության կողմից նախատեսված ապրանքներ: Դրանից հետո էլ կանխել են կրկին պետության նախատեսած ապրանքների փոխարեն Գորիսից երկու կամազ ապրանքի ստվերային տեղափոխությունը:

MediaHub-ը փորձեց ճշտել, թե ով է այդ տնտեսվարողը, սակայն դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը պատասխանեց, որ չի կարող հիմա անուն տալ։

«Մեկ տնտեսվարողի վերաբերյալ հաղորդում է ստացվել դատախազություն։ Այս պահին չեմ կարող ասել, թե ով է և այլ մանրամասներ էլ չեմ հիմա չեմ կարող հայտնել։ Ստուգումներ են կատարվում, առաջիկայում դատավարական որոշում կլինի, որից հետո էլ ամեն ինչ պարզ կդառնա։ Դեռ գործ չկա հարուցված»,-ասաց նա։

MediaHub-ը նույն հարցով դիմել է նաև ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ առևտրի ստվերային մատակարարման գործընթացներ տեղի են ունեցել նաև Գորիսում: 

Լիաննա Թորոսյան