Վարդապետյանի եղբայրն ազատվել է, Զեյնալյանի մուտքը ՍԴ չի ողջունվել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․
Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։ Նորք-Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել՝ 15-20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։ Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը, որի մասին թաղապետն ասաց՝ մոտ օրերս կայքում կենսագրությունը կհրապարակվի։
Նշենք, որ Տիգրան Վարդապետյանը 2021-2022թթ․ աշխատել է «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ում (ԱՄՆ ՄԶԳ)` որպես փորձագետ (Սյունիքի մարզ): 2022-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, երբ քույրը Փաշինյանի օգնականն էր։ Իսկ երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, եղբայրն էլ սինքրոն առաջխաղացում ունեցավ՝ նշանակվելով թաղապետի տեղակալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ ներսում Զեյնալյանի թեկնածությունն ընդունվել է սառն ընդունելությամբ։ Դատարանի մի շարք անդամներ նախընտրում էին տեսնել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
Սակայն Փաշինյանը որոշել է Վարդանյանին պահել խորհրդարանում, իսկ ՍԴ ուղարկել Զեյնալյանին։ Արդյունքում՝ ՍԴ դատավորները, անկախ իրենց նախընտրություններից, ստիպված են լինելու համագործակցել Զեյնալյանի հետ»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի օր է՝ քննարկվող ամենաթեժ հարցերից մեկը դարձել է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքը: Եթե հաշվի առնենք, ըստ մամուլի տեղեկությունների, իշխանականների մասնակցությունը, երևի թե բնական էր նաև հարցադրումը, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Նիկոլ Փաշինյանը, եթե նման հարսանիք արվեր նախկինում:
Մյուս կողմից՝ կային նաև կարծիքներ, թե ՄՀՀ-ն սրբավայր չէ, որ չթույլատրվի այնտեղ հարսանիք անցկացնել: Կային նաև տեսակետներ, որ աշխարհում ընդունված է նման տարածքներում այդպիսի միջոցառումներ անցկացնելը: Մենք փորձեցինք ուսումնասիրել՝ արդյո՞ք իսկապես այլ երկրներում ևս նման բան հնարավոր է: Պարզվում է՝ ոչ միայն հնարավոր է, այլև բավականին «ընդունված» է: Օրինակ՝ աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկը՝ Փարիզի Գառնիե օպերան (Գրանդ օպերա) նույնիսկ գնացուցակ ունի այդպիսի միջոցառումների համար: Ըստ այդմ, սրահի վարձակալությունը տատանվում է 50-150 հազար եվրոյի սահմաններում (նայած՝ որ տարածքն է վարձակալվում), բարձրակարգ բանկետի սպասարկումը յուրաքանչյուր անձի համար 150-300 եվրոյի սահմաններում է, ձևավորումը՝ մոտ 20 հազար եվրո և այլն, և այլն: Մի խոսքով, ինչպես ասում են, «փողին մուննաթ»:
Հարսանիքներ ու նման այլ խոշոր միջոցառումներ կարելի է անցկացնել նաև հանրահայտ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Գները դարձյալ, մեղմ ասած, էժաններից չեն, բնականաբար:
Այլ երկրներում ևս համանման «ծառայություններ» են առաջարկվում, դա շատ տարածված է հատկապես մարզադաշտերում. կարևոր պայմանն է, որ այդպիսի միջոցառումները չխանգարեն այդ մարզադաշտերի, թատրոնների բուն գործունեությանը և գրաֆիկին: