Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում հաղթեց ռումինական «Կլուժ»-ին ու պամտություն կերտեց՝ ճանապարհից հեռացնելով Ռումինիայի վերջին 5 տարիների դրոշակակրին։ Հաջորդ հանդիպումը Լյուքսեմբուրգի Դյուդելանժ-ի հետ է։ Սպորտային վերլուծաբան Արման Դանիելյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ «Դյուդելանժին» թերագնահատելու խնդիր գուցե առաջանար, երբ հաղթեցինք «Կլուժի» նման թիմին, սակայն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը թույլ չի տա, որ մեծամտանան։
«Մեծամտությունը խանգարող հանգամանք է, բայց սա մեր թիմում չցուցաբերվեց։ Իսկապես, պատմություն կերտեցինք և նման հանդիպումից հետո ֆուտբոլը թույլ չի տա, որ պարտվենք։ Ֆուտբոլը հարգում է այն թիմին, որը պայքարում է։ Չեմ ուզում առաջ անցնել, բայց աննկարագրելի բարդ է լինելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլ անցնել, սակայն կարծում եմ՝ «Փյունիկ»-ը այս մարզիչով պարտավոր է հասնել մինչև Եվրոպայի լիգայի որակավորման փուլ։ Ինձ թվում է՝ պարոն Մելիքյանը հիմա մտածում է, որ նույնիսկ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ հասնելն է պարտություն, որովհետև նպատակ ունի մինիմում հասնել Եվրոպայի լիգայի խմբային փուլ»,- ընդգծեց Դանիելյանը։
Դանիելյանի խոսքով՝ «Դյուդելանժ»-ի հետ խաղին պետք է մարտական տրամադրվենք ու մարզադաշտում երկրպագենք մեր թիմին։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։ Խաղը կսկսվի ժամը՝ 20:00-ին։
Լիաննա Թորոսյան