Գուցե Հարությունյանն իր միակ լավությունը կանի հայ ազգին ու հրաժարական կներկայացնի․ Գալստյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ պատրաստվում է բացառիկ հարցազրույց տալ ու սկսել քաղաքական ուժերի հետ հանդիպումներ։
Արդյո՞ք ցեղասպանվող Արցախում այս պահին հենց դրա ժամանակն է, ի՞նչ է սպասում այս ամենից ընդդիմությունը։ MediaHub.am-ի այս և այլ հարցերին պատասխանել է Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ սա հանրության ուշադրությունը շեղելու հերթական փորձն է, ուրիշ ոչինչ։
«Արայիկ Հարությունյանը, եթե բան ունի հանրությանն ասելու, ապա դա միայն իր հրաժարականի հայտարարությունը պետք է լինի։ Դրանից բացի նա ինչ անում է, մանիպուլյացիա է»,- նշեց պատգամավորը։
Նա նկատեց՝ այդ նույն մանիպուլյացիաների շարքին էր դասվում նաև Հարությունյանի նստացույցը, որը դադարեցվեց հստակ պահի, երբ Փաշինյանն իրեն մեղադրեց Բերձորը հանձնելու և գումարներ վատնելու մեջ։
«Իր նստացույցը դադարեցվեց Փաշինյանի մեղադրանքներից հետո։ Դրանից հետո Հարությունյանը կրկին իր հավատարմությունը հայտնեց Փաշինյանին՝ դադարեցնելով իր նստացույցն ու անգամ Հայաստանում անցկացվող ակցիաները»,- նկատեց նա։
Գալստյանը, այնուամենայնիվ, չկորցնելով լավատեսությունը, նշեց՝ գուցե Հարությունյանն իր միակ լավությունը կանի հայ ազգին ու հրաժարական կներկայացնի։
Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ նախատեսվող հանդիպումներին՝ Գալստյանն ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի իննի հայտարարությունից հետո Հարությունյանը միշտ ասում է, թե հանդիպելու է ընդդիմությանը, բայց միշտ ստում է։
«Մյուս ուժերի հետ հանդիպմանը տված խոստումներն էլ երբևէ չի պահում»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Նարե Գնունի