Ռուսական կողմի հայտարարությունը Փաշինյանի թիմի համար հիմք չէ

Ռուսական կողմի հայտարարությունը ես հիմք չեմ համարում․ Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ ճիշտ ժամանակին մենք տեղեկացնում ենք հանրությանը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ ԵՏՀ մամուլի ծառայությունն այսօր տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին կմասնակցի Ալմա-Աթիում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Ռուսական կողմը, ի թիվս ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների անունների, նշել է նաև Փաշինյանի մասնակցության մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին MediaHub-ը հրապարակում էր արել՝ նշելով, որ իր տեղեկություններով քննարկվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցության հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։
Նարե Գնունի